Home / Տեսանյութեր / Մարտի 1-ը որպես հիշատակի օր նշելու հիմքեր չկան, վստահ են Կառավարությունում

Մարտի 1-ը որպես հիշատակի օր նշելու հիմքեր չկան, վստահ են Կառավարությունում

Կառավարության այսօրվա նիստին մերժվել է մարտի 1-ը նշել որպես 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակի և պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ համազգային բողոքի օր: Այս մասին հաղորդում է Կառավարության պաշտոնական կայքը:

«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը ներկայացրել էին ԱԺ «Հայ ազգային կոնգրես խմբակցության» մի քանի պատգամավորներ:

Կառավարության եզրակացության համաձայն, սակայն, ներկայացված օրինագծով նախատեսվող կարգավորումները բովանդակային առումով չեն համապատասխանում օրենքի դրույթներին:

Եզրակացության մեջ ասված է նաև, որ նախագիծը հիմնված է քաղաքական գնահատականների վրա: Մասնավորապես, օրինագծի հիմնավորման համաձայն, «թեև ֆորմալ առումով շարունակվում է մարտի 1-ի սպանությունների գործով նախաքննությունը, սակայն, ըստ էության, դրանցով վարույթը կասեցված է, և հանցագործների բացահայտմանն ուղղված քննչական գործողություններ, օպերատիվ հետախուզական միջոցառումներ, փաստորեն, չեն կատարվում»:

«Այսինքն՝ նախագիծը քաղաքական գնահատական է տալիս իշխանությունների, դրա առանձին մարմինների աշխատանքին, և արդյունքում առաջարկում է իրավական լուծում, որն սկզբունքորեն չի համապատասխանում այն օրենքի տրամաբանությանը, որում առաջարկվում է փոփոխություն կատարել», – ասված է Կառավարության եզրակացության մեջ:

2008 թվականի Մարտի 1-ին ՀՀ իշխանությունները (նախագահ Ռոբերտ Քոչարյան, ԿԸՀ֊ի կողմից ընտրություններում հաղթող ճանաչված նախագահի թեկնածու, գործող վարչապետ Սերժ Սարգսյան) ցրեցին Ազատության հրապարակում 10 օր խաղաղ ցույցեր անցկացնող քաղաքացիներին, ապա երեկոյան հրազեն կիրառեցին ընդդիմության աջակիցների դեմ։ Նշենք, որ մինչ օրս 10 մարդու սպանության համար ոչ մեկ չի կալանավորվել, ոչ ոք չի դատապարտվել։