Home / Տեսանյութեր / Ոստիկանը չի հետաքրքրվել՝ որն էր դանակի 30 հարված ստացած կնոջ սպանության պատճառը

Ոստիկանը չի հետաքրքրվել՝ որն էր դանակի 30 հարված ստացած կնոջ սպանության պատճառը

«Ինքը դանակով, պատրաստված եկել էր սպանելու քրոջս, թող էլ չասի, թե Հեղինեն ա դրդել իրեն»: 2015 թվականի սեպտեմբերին նախկին ամուսնու՝ 39 ֊ամյա Արտակ Առաքելյանի կողմից սպանված 38-ամյա Հեղինե Դարբազյանի քույրը՝ Քրիստինե Դարբազյանը, մարտի 12-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում պնդել է, որ ամբաստանյալը նախօրոք էր ծրագրել սպանությունը:

«Ինքը սպանությունից առաջ էրեխու հետ խոսել էր, իմացել էր, որ Հեղինեն խանութում մենակ ա լինելու էդ օրը, տղային փող էր տվել, ասել, թե ընկերոջդ հետ գնա, ման արի հրապարակում, ինքն (Արտակ Առաքելյանը-խմբ.) էլ որ գնա քրոջս մոտ՝ խանութ, ու սպանի: Էլ թող չասի՝ իբր ինքը խոսք ա բացել դավաճանության մասին, Քրիստինեն էլ ասել ա՝ լավ եմ արել, ինքն էլ սպանել ա»,- դատարանում պատմել է Քրիստինե Դարբազյանը, ով հանգուցյալի իրավահաջորդն է:

Վերջինս հիշել է նաև, որ իր քրոջ նախկին ամուսինը բազմիցս է սպառնացել Հեղինեին և իրենց ընտանիքին: Քրիստինեի խոսքով, ամբաստանյալը նույնիսկ մեկ անգամ իր և հանգուցյալի անչափահաս դստեր մոտ մանրամասն պատմել է, թե ինչպես է սպանելու Հեղինեին:

Վկաների հարցաքննության փուլում դատարանը հարցեր է ուղղել նաև ոստիկան Էդգար Կախեթյանին, որը դեպքի վայրին առաջինը մոտեցած իրավապահն էր:

Ոստիկանը տրամադրված չէր հանգամանալից պատմել այդ օրը տեսածի մասին․ նրա պատասխանները կարճ ու միօրինակ էին։

Դատավոր Ռոբերտ Պապոյանի հարցին, թե ոստիկանը դեպքից հետո տեղեկացել է սպանության պատճառների մասին կամ հիմա գոնե տեղյա՞կ է, Էդգար Կախեթյանը կարճ է պատասխանել է, թե չգիտի սպանության պատճառը, չի հետաքրքրվել:

«Վկան, ըստ էության, ցուցմունք տվեց ոչնչի մասին: Էն տպավորությունն ա, որ էդ ողջ ընթացքում, որ տեսել է սպանվածին, սպանողին, ձերբակալելը և այլն, [ոստիկանը] ականջների մեջ բամբակ ա մտցրած եղել: Ցուցմունքից դուրս ա գալիս էս՝ դե մի մարդ էր, վերցրինք, տարաք, մի կին էլ ընկած էր», – վկայի պատասխաններից զայրացած՝ հայտարարել է տուժողի իրավահաջորդի փաստաբան Սեդա Սաֆարյանը:

Վերջինս դատարանի ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ վկայի նախնական ցուցմունքի և նիստի ժամանակ հայտնածների մեծ հակասություններ կան:

«Իր ցուցմունքում ոստիկանը գրել էր, որ դեպքի վայրում տեղյակ ա եղել՝ ով ա ում սպանել, ինչի համար, իսկ հիմա ոչ մի ձեն չի հանում: Ոստիկանական մեքենայում Արտակը ասել է՝ ինչ է արել, ու, կարծես, չի էլ թաքցրել ու զղջացել, սակայն [այդ մասին դատարանում] չոր մի երկու բան ասաց ոստիկանը», – ասել է Սաֆարյանը:

Դատավորը, սակայն, անկարևոր և աննշան է համարել փաստաբանի բերած հիմնավորումները և ավարտել վկայի հարցաքննությունը: