Home / Հայաստան / Գասպարիի պաշտպաններին հեռացնելու դատավորի որոշումն օրինական հիմք չունի․ Եգորյան

Գասպարիի պաշտպաններին հեռացնելու դատավորի որոշումն օրինական հիմք չունի․ Եգորյան

Ինժեներ, քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի փաստաբանները կշարունակեն պաշտպանել նրա շահերը։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Վարդգես Գասպարիի փաստաբաններից մեկը՝ Տիգրան Եգորյանը (լուսանկարում)։

Մարտի12-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում կայացած դատական նիստի ժամանակ դատավոր Նելլի Բաղդասարյանը գործի վարույթից հեռացրել էր Վարդգես Գասպարիի պաշտպաններին և նրան նոր պաշտպան ընտրելու առաջարկ էր ուղարկել։ Դատավորը պատճառաբանել էր, թե փաստաբանները չեն ներկայացել դատարան կամ լքել են նիստերի դահլիճը։

«Դատավորի որոշումը ավելի թանկ չարժե, քան այն թղթի կտորը, որի վրա գրվել է այն։ Այդ որոշումը ոչինչ է և չունի ոչ իրավական, ոչ էլ օրինական հիմք։ Դատավորը չի կարող հեռացնել փաստաբաններիս։ Հատկապես պաշտպան֊պաշտպանյալ հարաբերություններն իրենց էությամբ այնպիսին են, որ ապահովագրվում են նման առանձին նմուշի դատավորների միջամտությունից։ Դատավորը չի ոորոշում, այլ մեղադրյալն է ընտրում իր պաշտպանին, և ոչ ոք չի կարող այդ հարաբերություններում խառնվել», – ասել է փաստաբանը։

Տիգրան Եգորյանը նաև նշել է, որ առաջին անգամը չէ, որ դատավորը իրենց հեռացնելու որոշում է կայացնում․ «Մեկ ամիս առաջ էլ էր որոշել մեզ հեռացնել։ Իսկ ինչ վերաբերում է մեր նիստերին չներկայանալուն, կարող եմ ասել, որ մենք նիստերին չենք ներկայացել, որովհետև ունեցել ենք հատուկ պատճառներ։ 2 նիստերում հեռացվել էր Վարդգես Գասպարին, իսկ վերջին նիտին մենք միջնորդություն էինք ներկայացրել նիստը հետաձգելու համար, որովհետև մեզ հետ դատավորը չեր համաձայնեցրել նիստի օրը, իսկ Գասպարիին չէին հրավիրել նիստին։ Նա միայն պաշտպանին փոխելու ատաջարկություն էր ստացել դատավորից»։