Home / Տեսանյութեր / Բանտային խոշտանգումներից հետո ուզում են տանջել հոգեբուժարանում

Բանտային խոշտանգումներից հետո ուզում են տանջել հոգեբուժարանում

Բողոքի տարբեր ակցիաների մասնակից, քաղաքական հետապնդման և խոշտանգումների ենթարկվող, նախկին քաղբանտարկյալ, երևանաբնակ ինժեներ Վարդգես Գասպարիին սպառնում են հոգեբուժությամբ:

Նորքի հոգեբուժական կլինիկայում այսօր պետք է տեղի ունենար փետրվարի 24-ին հետաձգված Վարդգես Գասպարիի դատահոգեբանական փորձաքնությունը, սակայն փորձաքննության հանձնաժողովի անդամները հետաձգել են այն, քանի որ Գասպարիի փաստաբանները քննիչի որոշման դեմ բողոք են ներկայացրել։

«Մենք այսօր բողոք ենք ներկայացրել քննիչի որոշման դեմ, (որը մինչ այդ ներկայացվել էր նաև գլխավոր դատախազություն), որ չի կարող անցկացվել դատահոգեբուժական փորձաքննություն, քանի որ այդ բողոքը հնարավոր է հետագայում բվարարվի և վերացվի քննիչի որոշումը, իսկ այդ դեպքում կխախտվի իմ վստահորդի իրավունքները»,- ասել է Գասպարիի փաստաբան Տիգրան Եգորյանը։

Նա նշել է, որ այսօր բողոքը ներկայացնելուց հետո քննիիչը նախ 15 րոպե ժամանակ էր խնդրել դատախազության հետ խորհրդակցելու համար, որից հետո հայտարարել, որ փորձաքննությունը չի կասեցվի կամ հետաձգվի և պնդել է, որ շարունակվի այն․ «Փորձաքննությունն իրականացնող հանձնաժողովի անդամները քննիչից ավելի բարձր գիտակցություն դրսևորելով՝ հետաձգեցին փորձաքննությունը, մինչև մեր ներկայացրած բողոքը դատախազության կողմից լուծում կստանա։ Մենք հայտարարեցինք, որ, մինչև չսպառենք որոշումը բողոքարկելու մեր իրավունքները, մենք չենք պատրաստվում մասնակցել այդ փորձաքննությանը»։

Ըստ փաստաբանի սա Գասպարիին ճնշելու և հետապնդելու ևս մի տեսակ է․ «Դա վաղուց խորհրդային իրականության մեջ պրակտիկա դարձած հետապնդման տարատեսակ է, որը քրեական հետապնդման ալտերնատիվն է և շատ դեպքերում ավելի արդյունավետ է լինում մարդկանց կոտրելու, հնազանդեցնելու և սոցիալապես ոչնչացնելու տեսանկյունից»։

«Իրենց համար անհասկանալի է, որ մարդը կարող է պատվախնդիր լինել իր համաքաղաքացիների համար։ Ես բոլոր քննիչների հետ մինչև խոսելը պարզաբանում եմ, թե արդյոք նրանք կապված են Մարտի 1-ի դեպքերի հետ։ Ես նման հարց եմ տվել նաև Շենգավիթում ընթացքող դատական նիստի քննիչին։ Սակայն քննիչ Մելքոնյանի համար այս հարցը եղել է շատ տարօրինակ ու անադեկվատ, ինչի պատճառով էլ վերջինս որոշել է, որ նման հարց տվող մարդը պետք է ենթարկվի դատաբժշկական փորձաքննության։ Ինձ թվում է, որ այս դեպքում դա բնական է, որովհետև նրանք չափազանց հեռու են մարդկային և քաղաքացիական ընկալումներից»,- ասել է Վարդգես Գասպարին։

Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին քննիչ Լ.Մելքոնյանը որոշում է կայացրել Վարդգես Գասպարիին դատահոգեբուժական փորձաքննության ենթարկել, այն բանից հետո, երբ Գասպարին իրեն մեղադրանք առաջադրելուց հետո հրաժարվել է ցուցմունք տալուց և քննիչից պահանջել է հավաստել, որ վերջինս որևէ կերպ չի մասնակցել 2008 թվականի մարտիմեկյան իրադարձություններին, որոնց ընթացքում առնվազն 10 մարդ է զոհվել, ինչպես նաև իր գործունեության ընթացքում խոշտանգումների չի ենթարկել իր համաքաղաքացիներին։