Home / Հայաստան / Կնոջը սպանած ամբաստանյալ ամուսնու գործում հայտնվել է «ոմն թուրքը»

Կնոջը սպանած ամբաստանյալ ամուսնու գործում հայտնվել է «ոմն թուրքը»

Սպանության գործի քննության մեջ կան թերություններ, որոնց վրա սակայն դատախազը ուշադրություն չի դարձրել։ Այսօր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նիստի ավարտից հետո ասել է տուժողի իրավահաջորդի փաստաբան Սեդա Սաֆարյանը։

Դատախազ Հակոբ Ենոքյանը մեղադրականում նշել է, որ սպանված Հեղինե Դարբազյանը կապ է ունեցել «ոմն թուրք» Նադիկի հետ և խանդի հողի վրա, ամուսնական պարտականությունները չկատարելու պատճառով ամուսինը սպանել է կնոջը։ Նիստի ընթացքում ամբաստանյալ Արտակ Առաքելյանը հաստատել է, որ ինքը անձամբ ճանաչում է այդ մարդուն։

«Շատ թերի քննություն է, մեղադրականում գրված է միայն այն ինչ ասել է ամբաստանյալը։ Իսկ դատախազը պարտավոր էր ճշտել՝ ով է այդ Նադիկը և ոչ թե գրեր ուղղակի «ոմն» Նադիկ։ Այն դեպքում, որ դուք էլ տեսաք, որ ամբաստանյալը անձամբ ճանաչել է Նադիկին։ Սա մեղադրանքի հիմքում դրված ինչ-որ բանը կասկածի տակ դրեց, որը քննության թերությունն է»,- դատական նիստի ավարտից հետո Epress.am-ի հետ զրույցում ասել է Սաֆարյանը։

Մեղադրականում դատախազը արձանագրել է, որ սպանված Հեղինե Դարբազյանը կապ է ունեցել «ոմն թուրքի» հետ։ Սպանվածի քույրը՝ Քրիստինե Դարբազյանը, Epress.am-ի հետ զրույցում պատմել է, որ դեռ այն ժամանակ էլ, երբ ամուսինները համատեղ են ապրել, Նադիկը պարտքի պատճառով երբեմն զանգել է նրանց։

«Նա [ամբաստանյալը-խմբ․] հազար անգամ ներկա է եղել, ինչպես են քույրս ու էդ թուրքը խոսում, ինքը կանգնում էր կամեռայի հետևում, ասում էր՝ Հեղինե, ես չեմ ասի, դու ասա, որ պարտքը ուշացնելու ենք։ Եթե խանդելու լիներ, խանդի պատճառ լիներ, էդ պահին էլ կտար-կսպաներ։ էդ ինչի՞ ամիսներ հետո ա իբր սկսում խանդել։ Չեմ հասկանում, էդ թուրքի պատմությունը ինչի են արանք բերում»,- ասել է Դարբազյանը։

Քրոջ խոսքի վրա հիմնվելով՝ կարելի է եզրակացնել, որ այդ «ոմն թուրքի» թեման վաղուցվա պատմություն է եղել և անհասկանալի է, թե ինչու է դատախազը իր մեղադրականում շեշտել դա։ Գուցե դա ինչ-որ մեղմացուցիչ հանգամանք ստեղծելու համար է ընդգծվում դատախազի կողմից։

Դեպքից հետո, Դարբազյանի խոսքով, իրենք խոսել են Նադիկի հետ և վերջինս ասել է, որ ինքը զանգել է միայն իր պարտքը վերցնելու համար և իր և հանգուցյալի միջև ոչ մի կապ չկա։

Փաստաբան Սեդա Սաֆարյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ արժեքավոր կարող են լինել Նադիկի վկայությունները, սակայն նա չի կարող հրավիրվել դատարանի դահլիճ։ «Նա Թուրքիայում ապրող Ադրբեջանի քաղաքացի է և անվտանգությունից ելնելով չի կարող գալ Հայաստան»,- ասել է Սաֆարյանը։

Ամբաստանյալ Արտակ Առաքելյանը դատարանի դահլիճում ճիշտ է հայտարարել է, որ իրեն մեղավոր է ճանաչում, սակայն զղջման ոչ մի խոսք չի ասել։ «Դե ես գնացի, ասացի, որ դավաճանում ես ինձ, ոչ մի ձեն չհանեց, եթե ներողություն խնդրեր, չէի սպանի»,-հայտարարել է ամբաստանյալը։

Նշենք, որ հարուցված քրեական գործի համաձայն, Արտակ Առաքելյանը 2015 թվականին սեպտեմբերի 27-ին Մալաթիա 84/8 հասեցին կից վարագույրի խանութի սրահում որսորդական դանակով 30-ից ավելի հարվածներ է հասցրել իր նախկին կնոջ՝ 38-ամյա Հեղինե Դարբազյանի մարմնի տարբեր հատվածներին, որի հետևանքով կինը տեղում մահացել է:

լուսանկարը՝ Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի էջից