Home / Տեսանյութեր / Դատավորը, քննիչը, դատախազը դատին չէին եկել․ զոհված զինվորի ծնողները միտում են տեսնում

Դատավորը, քննիչը, դատախազը դատին չէին եկել․ զոհված զինվորի ծնողները միտում են տեսնում

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանն այսօր չի ներկայացել 2007 թվականին բանակում ոչ մարտական պայմաններում զոհված Տիգրան Օհանջանյանի գործով դատական նիստին, ինչը վրդովվեցրել է Օհանջանյանի ծնողներին՝ Գոհար Սարգսյանին և Սուրեն Օհանջանյանին։

Ծնողները դատարան էին դիմել 2016 թվականի հունվարի 25-ին՝ բողոքարկելով իրենց որդու քրեական գործը քննող քննիչի և դատախազի՝ վարույթը կասեցնելու մասին որոշումը։ Այսօրվա դատական նիստի նշանակված ժամից 20 րոպե անց դատավոր Մարինե Մելքոնյանի օգնականը՝ Ժաննա Կոծինյանը (լուսանկարում), դահլիճի դռան մոտ կանգնած տեղեկացրել է ծնողներին, որ դատական նիստը հետաձգվում է, քանի որ իրենք ծանուցում են ստացել, թե տուժողի իրավահաջորդը հրաժարվել է մասնակցել դատական նիստին:

«Կարող ա՞ մենք գործը կասեցնելու որոշման դեմ բողոքենք, բայց ինքներս դատի չգանք», – օգնականի հայտարարությանն ի պատասխան՝ ասել է Տիգրան Օհանջանյանի հայրը՝ Սուրեն Օհանջանյանը:

Կոծինյանի խոսքից րոպեներ անց ծնողներին, այդուհանդերձ, հրավիրել են դատական նիստերի դահլիճ: Այս անգամ դատավորի օգնականը հայտարարել է, որ դատը չի կարող կայանալ, քանի որ դատավորը այլ գործով գտնվում է խորհրդակցական սենյակում: Կոծինյանին խնդրել են մեկնաբանել իր հայտարարությունը, թե տուժողի իրավահաջորդները հրաժարվել են դատական նիստին ներկայանալ։ Նա ասել է, որ շփոթմունք է տեղի ունեցել՝ իրականում նիստին չմասնակցելու մասին դիմում դատախազն է ուղարկել։ Բացի դա, դատական նիստին չի ներկայացել նաև քննիչը, քանի որ արձակուրդի մեջ է:

«Եթե դատավորը գտնվում էր խորհրդակցական սենյակում, չէր կարո՞ղ ծանուցագիր ուղարկել դատը հետաձգելու մասին: Այսինքն, իրանց հավեսով ա էլի՝ երբ, ինչ ուզում, անում են: Էստեղ հաստատ միտում կա դատը հետաձգելու, քննությունը ձգձգելու: Ինչի՞ դատախազը չեկավ, ինչի՞ քննիչն արձակուրդ գնաց, ինչի՞ դատավորը չկա»,- դատական նիստերի դահլիճում ասել է Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը:

Տիգրան Օհանջանյանի գործի մասին՝ այստեղ