Home / Տեսանյութեր / Պերմյակովի հարցում հայկական և ռուսական կողմերը պատշաճ չեն կատարել պարտականությունները․ փաստաբան

Պերմյակովի հարցում հայկական և ռուսական կողմերը պատշաճ չեն կատարել պարտականությունները․ փաստաբան

Ավետիսյանների սպանության գործով հարցաքննվող վկայի՝ ռուսաստանյան սահմանապահ ջոկատի սպա Միխայիլ Խաչատրյանի ցուցմունքից պարզ է դառնում, որ հայկական և ռուսական կողմերը պատշաճ չեն կատարել իրենց պարտականությունները։ Այսօր Գյումրիի ռուսական 102-րդ ռազմակայանում ընթացքող գործով հերթական դատական նիստի ընդմիջմանն այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Ավետիսյանների իրավահաջորդի փաստաբան Լուսինե Սահակյանը։

Միխայիլ Խաչատրյանն այն զինծառայողն է, ով, ըստ գործի նյութերի, ձերբակալել է Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին։ Սահակյանի խոսքով՝ Խաչատրյանի ցուցմունքը էական նշանակություն ուներ գործի հանգամանքները պարզելու համար՝ ինչպես հայկական, այնպես էլ ռուսական կողմի գործողությունների օրինաչափությունը վիճարկելու առումով։

Նշենք, որ մի շարք փորձագետներ պնդել են, որ ձերբակալելուց հետո Պերմյակովին ռուսական ռազմաբազա տանելը հակասում է ՀՀ օրենքներին. նա պետք է հանձվեր Հայաստանի իրավապահ մարմիններին։

«Ակնհայտ է, որ ռուս զինծառայողները ինֆորմացիան ամբողջությամբ չէին տրամադրել հայկական կողմի քննիչներին։ Նրանք չէին տեղեկացրել հայկական կողմին, որ իրենք որոնողական աշխատանքներ են կատարել գիշերվա ժամերին»,-ասել է Սահակյանը։

Փաստաբանը ձեռնապահ է մնացել առավել մանրամասն ներկայացնել հարցաքննության դետալները՝ նշելով, որ դա անում է «որոշակի մարտավարությունից ելնելով» և նկատի ունենալով այն, որ դեռևս ամբողջությամբ չի ավարտվել այդ և մյուս վկաների հարցաքննությունը։

Այնուամենայնիվ, Սահակյանը նշել է, որ այդ վկայի ցուցմունքը հիմնավորում է, որ և՛ հայկական կողմը, և՛ ռուսական կողմը իրենց պարտականությունները պատշաճ չեն կատարել։

«[Չեն կատարել] ինչպես ռուսական կողմը հայկական կողմին տեղեկացնելու, այնպես էլ հետագայում Պերմյակովին իրենց մոտ տեղափոխելու իմաստով։ Եվ հայկական կողմի գործողություններն այդ ընթացքում․․․ Վկայի ցուցմունքից ակնհայտ է, որ հայկական կողմը տեղեկացված էր, որ Պերմյակովը ձերբակալված է և նա չէր կարող ուղղակի հայտնվել ռազմաբազայի տարածքում, եթե հայկական կողմը պատշաճ կատարեր իր պարտականությունները», – ասել է փաստաբանը։

Նշենք, որ ինչպես հունվարի 22-ի և 29-ի դատական նիստերին, այնպես էլ այսօր, վկաների հարցաքննության ժամանակ անջատվել է վկաների ցուցմունքների ձայնային հեռարձակումը։ Այսօրվա նիստին նախատեսված է 16 վկաների հարցաքննություն, այդ թվում՝ Գյումրիում տեղակայված սահմանապահ ջոկատի սահմանապահների։