Home / Հայաստան / Դատարանը չհամաձայնեց բաժանել պատգամավորի և ոստիկանության դեմ հայցը

Դատարանը չհամաձայնեց բաժանել պատգամավորի և ոստիկանության դեմ հայցը

Հայաստանում բնակվող Ռուսաստանի քաղաքացի Ելենա Օվսյաննիկովան ՀՀ ոստիկանությունից, ոստիկանության աշխատակիցներից և պատգամավորից փոխհատուցում է պահանջում՝ իրեն վիրավորելու և զրպարտելու համար։ Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել գործով նախնական դատական նիստը։

Ելենա Օվսյաննիկովան հայց էր ներկայացրել ՀՀ ոստիկանության, ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի և ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանի, ինչպես նաև պատգամավոր Էդմոն Մարուքյանի դեմ՝ բոլորից միասին պահանջելով 7 միլիոն դրամի փոխհատուցում իր անձը զրպարտելու և վիրավորելու համար:
Իր հայցում Օվսյաննիկովան նշել էր, որ վերոնշյալ անձինք իրեն վիրավորել են էլէներգիայի թանկացման դեմ Բաղրամյան պողոտայում ընթացող նստացույցի օրերին:  

Գործի մանրամասները՝ այստեղ:

Այսօրվա նիստի ժամանակ Օվսյաննիկովայի փաստաբան Տիգրան Եգորյանը հայցադիմումը փոփոխելու և լրացնելու մասին միջնորդություն է ներկայացրել։ Հայցվոր կողմը առանձնացրել է, թե Հունան Պողոսյանի մասով կոնկրետ ինչն է վիրավորական և զրպարտչական, Էդմոն Մարուքյանի մասով հայցապահանջում նշված գումարը 1 միլիոնից հասցվել է 2 միլիոնի։ Դա, ինչպես նշել է Օվսյաննիկովայի ներկայացուցիչը, պայմանավորված է եղել հայցադիմումից հետո Մարուքյանի պատասխանով։ 

«Մեր հայցադիմումին Էդմոն Մարուքյանի տված պատասխանը դիտարկել էինք որպես ծաղր մեր վստահորդի նկատմամբ, քանի որ բարոյական վնասը մեղմացնելու որևէ ջանք այնտեղ չտեսանք։ Փոխարենը անողջամիտ բացատրություններ էին տրված, թե «պրովոկացիա» ասելով՝ նա «տեղ է» նկատի ունեցել, այլ ոչ թե մարդուն։ Կային ևս նման ծիծաղելի բացատրություններ, որոնք չէին մեղմացրել այն բարոյական վնասը, որը հասցվել էր»,- ասել է Եգորյանը։ 

Դատական նիստին միջնորդություն ներկայացրեց նաև պատգամավոր Էդմոն Մարուքյանի պաշտպանը՝ խնդրելով ԱԺ պատգամավորի մասով գործն անջատել, սակայն դատարանը մերժեց միջնորդությունը՝ մեկնաբանելով, որ դա արդարադատության շահերից չի բխում։

Ըստ հայցվորի մեկ այլ ներկայացուցիչ Լուսինե Հակոբյանի, հավանաբար, Մարուքյանը չի ցանկանում իր անձը նույն հարթության վրա դնել ոստիկանության հետ․ «Ոստիկանության վարկանիշն այնպիսին է, որ Էդմոն Մարուքյանը, լինելով Ազգային Ժողովի պատգամավոր, չի ցանկանում ասոցացվել ոստիկանության հետ և հանդես գալ նույն գործի շրջանակներում։ Սակայն դա բավարար նախապայման չէ հայցն առանձնացնելու համար, մանավադ, որ խոսքը նույն միջադեպի մասին է»։

Լուսինե Հակոբյանը (ձախից) և Ելենա Օվսյաննիկովան

elenaovsyannikova

Դատարանը որոշել է, որ պետք է երկու կողմերին ժամանակ հատկացնել իրենց ապացույցները ներկայացնելու համար։ 

Հաջորդ դատական նիստը նշանակվել է փետրվարի 19-ին ժամը, 11։00-ին։