Home / Տեսանյութեր / Ռուսական բազայում Ավետիսյանների սպանության գործով նիստեր անցկացնելն օրենքի խախտում է. փաստաբան

Ռուսական բազայում Ավետիսյանների սպանության գործով նիստեր անցկացնելն օրենքի խախտում է. փաստաբան

Արտագնա դատական նիստեր անցկացնելու դատարանի իրավունքն ամրագրված է Հայաստանի Հանրապետության քրեադատավարական օրենքով (հոդ. 41, 3-րդ մաս), սակայն քրեական դատավարության օրենսգիրքը գործում է միայն ՀՀ տարածքում, և օրենքով ամրագրված չէ, թե Հայաստանի դատարաններն իրավունք ունեն արտագնա նիստեր անցկացնել այլ երկրներում: Այս առումով, Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով դատական նիստի անցկացումը ՌԴ 102-րդ ռազմաբազայի տարածքում օրենքի խախտում է, քանի որ ՀՀ պետական մարմիններն ընդունել են, որ բազան չի հանդիսանում Հայաստանի տարածք: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում հայտարարել է փաստաբան Հարություն Բաղդասարյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ Ավետիսյանների սպանության գործով դատավարությունը մեկնարկելու է դեկտեմբերի 18-ին ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում անցկացվելիք Շիրակի մարզի դատարանի արտագնա նիստով:

Բաղդասարյանը  հիշեցրել է՝ ավելի վաղ ռուսական ռազմաբազայի տարածքում անցկացվել էր Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով դատավարության այն հատվածը, որը վերաբերում էր Ռուսաստանի Դաշնության դեմ նրա կողմից կատարված հանցագործություններին, մասնավորապես զորամասը լքելուն: Բաղդասարյանը նշել է, որ դատավարությունն անցել էր ՌԴ օրենքների համաձայն, ինչն էլ հիմք է տալիս պնդելու, որ հայաստանյան պետական մարմինները, փաստորեն, ընդունել էին 102-րդ բազայի՝ ՌԴ տարածք հանդիսանալու հանգամանքը, քանի որ հայաստանյան օրենսդրության համաձայն, մեր երկրի տարածքում այլ պետությունների դատարաններ չեն կարող լինել:

«Այստեղ պարադոքս կա, եթե հայաստանյան կողմն ընդունում է, որ բազան Ռուսաստանի տարածք է, ապա Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով դեկտեմբերի 18-ին մեկնարկող դատավարությունը չի կարող անցկացնել ռազմաբազայում, դա հակասում է ՀՀ օրենքին: Եթե ընդունում է, որ դա Հայաստանի տարածք է, ապա այնտեղ չէր կարող անցկացվել Պերմյակովի գործով նախորդ դատավարությունը: Կամ պետք է ընդունենք, որ այն ժամանակ է օրենքի խախտում եղել, կամ հիմա է օրենքի խախտում գրանցվում», – ասել է փաստաբանը:

Բաղդասարյանի խոսքով՝ հայաստանյան կողմի այն փաստարկը, թե դատական նիստերը ռազմաբազայում անցկացնելը կօգնի ապահովել ամբաստանյալի անվտանգությունը, քննադատության է արժանի. «Այդ պարագայում դատարանը հաշվի չի առել դատավորի անվտանգությունը, դատավարության մյուս կողմերի, օրինակ, տուժողների անվտանգությունը, դատավարության մասնակիցների՝ լրագրողների և քաղաքացիների անվտանգությունը: Բացի դա, հաշվի չի առնվել դատարանի վրա ճնշումներ գործադրելու, ազդելու հնարավորությունը: Իսկ նման հնարավորություն ստեղծվում է, քանի որ դատական նիստն ի վերջո անցնում է այլ երկրի տարածքում»: