Home / Հայաստան / Վեճն արդյունք չտվեց․ փաստաբանին թույլ չեն տվել մասնակցել հանրաքվեին

Վեճն արդյունք չտվեց․ փաստաբանին թույլ չեն տվել մասնակցել հանրաքվեին

Փաստաբան Հասմիկ Ռաֆայելյանը, նրա մայրն ու քույրը չեն կարողացել մասնակցել Սահմանադրության նախագծի հանրաքվեի քվեարկությանը։ Երևանի Մալաթիա֊Սեբաստիա վարչական շրջանի 8/08 ընտրատեղամասում վերջիններս պարզել են, որ իրենց փոխարեն արդեն քվեարկել են։ Իրենց անունների դիմաց նշված են եղել կոնկրետ անձնագրային տվյալներ ու ստորագրություններ։

«Երբ հարցրեցինք՝ դա ի՞նչ է, ասացին, որ տեխնիկական խնդիր է։ Մոտ երեսուն րոպե վիճաբանելուց հետո ես պահանջեցի, որ արձանագրեն խախտումն ու ապահովեն մեր ընտրական իրավունքը։ Այդպես էլ ոչ մի գործողություն չարվեց հանձնաժողովի անդամների, նախագահի, քարտուղարի, վստահված անձանց ու ոստիկանության կողմից։ Սկսեցին տարբեր մարդիկ հայտվել, բերեցին մեր վերևի հարևանններին, որ, իբր, իրենք են սխալմամաբ մեր անվան դիմաց ստորագրել, բայց դա զուրկ էր տրամաբանությունից, որովհետև նրանց հասցեն էջի վերջում էր, մերը՝ սկզբում»,֊ Epress.am֊ի հետ զրույցում ասել է փաստաբանը։

Ռաֆայելյանի խոսքով՝ իրեն դուրս են հրավիրել ու մոտ 20 տղամարդ փորձել են «գողական ձևերով» իրեն համոզել, որ ոչ մի խնդիր չկա՝ «մի շենքի մարդ ենք», «կարող ենք մեկը մյուսի տեղը ստորագրել»․ «Նրանք առաջարկեցին, որ առանց ցուցակում գրանցելու ինձ քվեաթերթիկ տան ու ես քվեարկեմ, բայց ես ասացի, որ դա խախտում է ու հրաժարվեցի։ Արդյունքում մենք այդպես էլ չկարողացանք որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ մասնակցել հանրաքվեին»։

Իր տեղի ունեցածը նա նկարագրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում և ոստիկանությունից պահանջել է գրածը դիտարկել որպես հաղորդում հանցագործության մասին ու քրեական գործ հարուցել։