Home / Հայաստան / Ոչ թե կռիվ, այլ հրմշտոց․ Պուշկինի դպրոցի տնօրինությունը հորդորում է «նրբանկատ լինել»

Ոչ թե կռիվ, այլ հրմշտոց․ Պուշկինի դպրոցի տնօրինությունը հորդորում է «նրբանկատ լինել»

Երևանի Ա. Պուշկինի անվան դպրոցում տեղի ունեցածը ոչ թե կռիվ է եղել, այլ միջադեպ։ Այս մասին ասված է դպրոցի տնօրինության կողմից «Հրապարակ» օրաթերթին ուղարկված պարզաբանման մեջ, որում անդրադարձ էր կատարվում թերթի կայքի հրապարակած այն տեղեկատվությանը, թե դպրոցում մի խումբ տղաներ սիրիահայ աշակերտի ծեծի էին ենթարկել։ Դպրոցի տնօրինությունը նշում է, որ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 23-ին։

«9-րդ դասարանցին, որը հերթապահության հետ կապ չի ունեցել, նկատողություն է արել 6-րդ դասարանի աշակերտին, որն անկարգություն է արել: Այնուհետև 6-րդ դասարանցին, չգիտակցելով իր արարքի հետևանքները, բողոքել է տարիքով մեծ իր բարեկամին: Դպրոցի 9-րդ դասարանցիները փորձել են հարթել միջադեպը, սակայն մի պահ տեղի է ունեցել հրմշտոց, որն անմիջապես կանխվել է մանկավարժների կողմից, աշակերտներն էլ հաշտվել են միմյանց հետ: Ավելորդ չենք համարում նշել, որ միջադեպի արդյունքում որևէ մեկը վնասվածք չի ստացել, ըստ այդմ նաև ծնողների կողմից բողոք չի եղել: Ինչ վերաբերում է միջադեպում սիրիահայ աշակերտի ներգրավված լինելուն, ապա դա բացարձակ ապատեղեկատվություն է, ինչն իր հերթին ապակողմնորոշել է նաև դպրոցի տնօրենին, ով, պատասխանելով լրագրողի նման ձևակերմամբ հարցմանը, ասել է, որ դպրոցում սիրիահայ երեխայի ծեծելու փաստին անտեղյակ է:

Վերը նշվածը հիմք է տալիս եզրակացնելու, որ տվյալ դեպքում լրագրողը հրապարակել է իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն՝ խեղաթյուրելով փաստերը և պիտակավորելով դպրոցի որոշ աշակերտների: Եվս մեկ դիտարկում և հորդոր. այսուհետ սիրիահայ մեր երեխաներին մի՛ փորձեք այլևս տարանջատել մյուսներից: Նման տարանջատումն ուղղակի անընդունելի է, առավել ևս, երբ դպրոցը նման տարանջատումը բացառելու ուղղությամբ արդեն մի քանի տարի նպատակային միջոցառումներ է իրականացնում և, որ կարևոր է, այն հաջողվում է:

Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին կհորդորենք առավել նրբանկատ լինել դպրոցներին վերաբերող տեղեկատվություն տարածելիս», ֊ ասված է պարզաբանման մեջ: