Home / Հայաստան / Պուշկինի դպրոցում տղաները խմբով սիրիահայ աշակերտի են ծեծել. Hraparak.am (Տեսանյութ)

Պուշկինի դպրոցում տղաները խմբով սիրիահայ աշակերտի են ծեծել. Hraparak.am (Տեսանյութ)

Երևանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցում խմբակային ծեծի են ենթարկել սիրիահայ մի երեխայի։ Այս մասին գրում է Hraparak.am կայքը՝ նշելով, որ իր տրամադրության տակ երեխային ծեծի ենթարկելու տեսանյութն է հայտնվել։

«Խմբակային սադիզմի կազմակերպիչը 8-րդ դասարանցի մի տղա է, ում անունը չենք հրապարակում։ Դեռ մանկահասակ տարիքում գտնվող այս տղան կիսագողական բարքերի կրող է, և, մեր տեղեկություններով, Ս.-ն առաջին անգամ չէ, որ նման կռիվներ է հրահրում, բայց նրան չեն պատժում: Ըստ մեր տեղեկությունների՝ սիրիահայ դպրոցականն այդ օրը դասամիջոցին հերթապահություն անելիս է եղել, Ս-ն լույսը միացրել, անջատել է, հերթապահը նրան նկատողություն է արել: Տղան էլ՝ «բա դու ով ես, որ նկատողություն ես անում ինձ», և բոլորին հավաքել է ու բերել երեխայի վրա: Երկու աշակերտներ փորձել են բաժանել կռվողներին, սակայն հայտնվել են նրանց մեջ: Մեր աղբյուրը հայտնում է, որ դպրոցի տնօրինությունն ամեն ինչ անում է, որ այս պատմությունը ջրի երես դուրս չգա», ֊ գրում է Hraparak.am֊ը:

Կայքի հետ զրույցում Պուշկինի դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանը պնդել է, թե ինքը տեղյակ չէ, որ նման դեպք է տեղի ունեցել. «Ես տեղյակ չեմ նման որևէ միջադեպից, սիրիահա՞յ… չգիտեմ, ես տեղյակ չեմ»:

Լրագրողի հարցին, թե արդյո՞ք հնարավոր է, որ Ստեփանյանի ղեկավարած դպրոցում այդպիսի ծեծկռտուք տեղի ունենա, իսկ ինքը տեղյակ չլինի, տնօրենը պատասխանել է․ «Գիտեք ինչ, վիճաբանություն յուրաքանչյուր դպրոցում տղաների միջև լինում է, բայց որ սիրիահայ երեխա է մեզ մոտ ծեծվել, նման միջադեպ… ես տեղյակ չեմ»:

Ստեփանյանը չի ասել նաև՝ արդյոք գիտի միջադեպի կազմակերպիչ երեխային։

«Մեր դպրոցում 1800 աշակերտ է սովորում և հավանաբար մի քանի Ս. ունենանք 8-րդ դասարանում: Այդպես չեմ կարող ասել Ս. կա, թե ոչ, այդպիսի խնդիրներ կան, թե ոչ: Եթե միջադեպը ներկայացնեք, ասեք, որ դասարանից է խնդիրը, ես դասղեկի հետ կպարզաբանեմ, որ կարողանամ Ձեզ հստակ պատասխան տալ: Եթե անուն ազգանուն, դասարանն ասեք, միգուցե որևէ տեղեկատվություն կարողանամ Ձեզ տալ, բայց իսկապես դպրոցում բազմաքանակ երեխաներ կան Ս. անունով: Եթե տեսանյութ ունեք, տրամադրեք խնդրեմ, ես նայեմ տեսնեմ, թե ինչ է պատահել», ֊ ասել է տնօրենը:

Կայքը նշում է, որ տեսանյութը տրամադրում է հանրությանը, իսկ «տնօրենն էլ կարող է «նայել տեսնել», թե ինչ է պատահել»: