Home / Հայաստան / Թուրքիայի ընդդիմադիր կուսակցության համանախագահը պնդում է՝ իրենց ցանկացել են սպանել․ ոստիկանությունը չի հավատում

Թուրքիայի ընդդիմադիր կուսակցության համանախագահը պնդում է՝ իրենց ցանկացել են սպանել․ ոստիկանությունը չի հավատում

Թուրքիայի ոստիկանությունը երկուշաբթի՝ նոյեմբերի 23֊ին, հայտարարել է, որ քրդամետ ընդդիմադիր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի ավտոմեքենան գնդակոցության հետևանքով չի վնասվել, մինչդեռ կուսակցության ներկայացուցիչները պնդում են՝ Դեմիրթաշի դեմ «ակնհայտ մահափորձ է իրականացվել» ու երկրի կառավարությանը կոչ անում հայտնաբերել ու պատժել հանցագործներին։

Reuters գործակալությունը կիրակի հաղորդել էր՝ ԺԴԿ համանախագահի մեքենան գնդակոծության էր ենթարկվել քրդաբնակ Դիարբեքիր քաղաքում։ Ոստիկանությունը, սակայն, երեկ տարածած հայտարարության մեջ նշել է, որ մեքենայի վնասվածքների քննությունը գնդակոծության հետքեր չի հայտնաբերել․ «Մեքենայի ապակու զննման արդյունքում պարզվել է՝ վնասը բութ գործիքով հարվածի հետևանքով է եղել։ Ո՛չ Դեմիրթաշը, ո՛չ նրա մեքենան հարձակման չեն ենթարկվել»։

Դեմիրթաշն ավելի վաղ բողոք էր ներկայացրել Դիարբեքիրի ոստիկանություն՝ պահանջելով հետաքննություն սկսել իր դեմ ենթադրյալ մահափորձի կապակցությամբ։ Թուրքական DIHA տեղեկատվական գործակալության հետ զրույցում քաղաքական գործիչը նշել է, որ վերջերս շարունակական սպառնալիքներ է ստացել․ «Տարբեր, այդ թվում՝ ոստիկաններին հասած տեղեկությունների համաձայն, որոշակի խմբեր նախապատրաստում էին իմ սպանությունը»։

Երեկ կուսակցության գլխամասային գրասենյակում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ԺԴԿ համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը նույնպես հայտարարել է, որ «կուսակցության ղեկավարությանը տրամադրված կոնկրետ տեղեկությունների ու ապացույցների համաձայն՝ իրականացվել է Դեմիրթաշին սպանելու փորձ»։