Home / Տեսանյութեր / ԿԲ֊ն ուզում է բանկերի օգտին օրենք անցկացնել․ վարկառուները կարող են քրեորեն պատժվել

ԿԲ֊ն ուզում է բանկերի օգտին օրենք անցկացնել․ վարկառուները կարող են քրեորեն պատժվել

Կառավարությունը, առանց ԱԺ հանձնաժողովներում քննարկման ուղարկելու, Ազգային ժողովի արտահերթ նիստին է ներկայացրել օրենքի փաթեթ, որով առաջարկվում է քրեական պատասխանատվություն սահմանել բանկերում գրավ դրած գույքը դիտավորյալ վնասած վարկառուների նկատմամբ։

Օրինագծով առաջարկվում է մինչև 2 տարի ազատազրկում սահմանել նման դեպքում վարկային պարտականությունները չկատարելու համար՝ որակելով, որ այդ արարքը «հանրային վտանգավորություն» ունի։

Առաջարկը ԱԺ֊ում ներկայացրել է Կենտրոնական բանկի ղեկավարի տեղակալ Ներսես Երիցյանը։ Նրա խոսքով՝ հաճախ բանկերը հետևյալ վիճակում են հայտնվում․

«Գնում ես գույքը վերցնելու, ասում ա՝ պարտք էի, գրավ դրված տան պատուհանները ուրիշին էի պարտք, տվել եմ ուրիշին, մեքենաները վերցնում են, ասում է, նստարանները ծախել եմ»։

Ըստ ԿԲ ղեկավարի տեղակալի՝ նման դեպքերում «կանխարգելիչ միջոցներ են պետք»։

Քրեական հետապնդման ենթարկելը քաղաքացիա֊իրավական խախտումների համար, սակայն, մի քանի պատգամավորներ անընդունելի են համարել։ Մասնավորապես, ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանն ասել է, որ ֆինանսական որևէ կազմակերպության ֆինանսական ռիսկի գնալը և գրավով վարկ տալը չի կարող համարվել «հանրային վտանգավորթյուն»։ Ըստ ՀԱԿ խմբակցության պատգամավորի քաղաքացիա֊իրավական խախտման համար քրեական պատասխանատվության ենթարկելը՝ հակասում է Սահմանադրությանը և Հայաստանի կողմից ստորագրված միջազգային կոնվենցիաներին։

«Որ ասում եք՝ հանրային վտանգավորություն, դրա համար էլ ասում եք՝ քրեական օրենսգիրք։ Քրեական օրենսգիրք մտնելու համար արարքը պետք է ունենա «հասարակական վտանգավորություն»։ Եթե նման տրամաբանությամբ գնանք, կարմիր գծերին կանգնելու համար էլ պետք է քրեական պատասխանատվություն սահմանել։ Ուզում եք էս երկրում մարդ չմնա՞», ֊ ասել է Ջհանգիրյանը։

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ համաձայնել է Ջհանգիրյանի հետ՝ նշելով, որ սա հակասահմանադրական օրինագիծ է։

«Երկար ժամանակ է՝ փորձ է արվում քաղաքացիա֊իրավական հարաբերություններ քրեականացնել, պետական ռեսուրսի միջոցով խնդիրներ լուծել։ Դրանցից մեկն է, որ հարկերից չարամտորեն խուսափելու համար քրեական հետապնդում են իրականացնում։ Մենք տեսնում ենք, թե այս դրույթը ինչպես է կիրառվում մեր կյանքում։ Հիմա նույնը բանկային համակարգում է տեղի ունենում»,֊ ասել է Մարուքյանը։

Մարուքյանն ասել է, որ նման երկու օրինագիծ ԿԲ֊ի կողմից բերվել է և չի ստացել պետաիրավական հանձնաժողովի հավանությունը, իսկ հիմա արտահերթ նիստի միջոցով փորձ է արվում շրջանցել հանձնաժողովի որոշումը։