Home / Տեսանյութեր / Գարեգին Բ֊ին կոչ են անում կարգի հրավիրել քահանային «եկեղեցու բարի անունը» չստվերելու համար

Գարեգին Բ֊ին կոչ են անում կարգի հրավիրել քահանային «եկեղեցու բարի անունը» չստվերելու համար

«Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ-ի նախագահ Բորիս Մուրազին Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմին կոչ է անում qahana.am կայքից հեռացնել եզդիներին վերաբերող Տեր Եսայի քահանա Արթենյանի մեկնաբանությունը։

Քահանան, մասնավորաբար, գրել է, թե «եզդին արևապաշտ է» և «եզդիների սրբավայր մտնելիս կարելի է տեսնել այնտեղ դրված սատանայի արձանը»:

«Սա ոչ միայն գիտական տեսանկյունից անգրագետ մեկնաբանություն է, այլ նաև խտրական վերաբերմունք է կոնկրետ խմբի նկատմամբ: Ուստի դիմում եմ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ին, որպեսզի կարգի հրավիրի իր հայրապետության ներքո գտնվող հոգևորականին, որպեսզի այլևս նման խտրական հայտարարություններ չլինեն: Եզդիների կրոնից անտեղյակ մեկը չի կարող խոսել մեր կրոնից: Եսայի քահանան ստվեր է նետում նաև Հայ առաքելական սուրբ եկեղեցու բարի անվան վրա», ֊ տարածած հայտարարության մեջ ընդգծում է Բորիս Մուրազին։

Երեկ «Միջէթնիկ և միջմշակութային համագործակցությունների կենտրոն» ՀԿ֊ի նախագահ Սաշիկ Սուլթանյանը Տեր Եսայի քահանա Արթենյանին կոչ էր արել ներողություն խնդրել եզդի ժողովրդից նրա կրոնական զգացմունքները վիրավորելու համար։