Home / Հայաստան / Ադրբեջանցի քաղաքական գործչին ծեծել են ոստիկանությունում աղոթքի ժամանակ

Ադրբեջանցի քաղաքական գործչին ծեծել են ոստիկանությունում աղոթքի ժամանակ

Մահմեդական գործիչ, 2015 թվականին ազատված քաղբանտարկյալ, «Մահմեդական միասնություն» հասարակական կազմակերպության առաջնորդ Թալեհ Բագիրաձեն նախօրեին ծեծի է ենթարկվել Բաքվի ոստիկանությունում։ Այս մասին նա գրել է «Ֆեյսբուք» սոցցանցի իր էջում։

Վերջին շաբաթների ընթացքում ցանցի ադրբեջանալեզու հատվածում լայնորեն տարածվում էր Բագիրաձեի ելույթը Գյանջայում, որում նա իր վրդովմունքն է հայտնում իշխանությունների՝ Աշուրային (Իմամ Հուսեյնի նահատակման օրը, որը նշվում է շիա մահմեդականների կողմից) նվիրված երթի անցկացման արգելքի կապակցությամբ։ Ելույթում Բագիրաձեն, մասնավորապես, սպառնում էր երկրի ղեկավարության կողմից ճնշումներին ի պատասխան «իշխանություններին խեղդել սեփական արյան մեջ, այնուհետև հանձն առնել Ղարաբաղի ու հայերի կողմից բռնագրավված մյուս հողերի ազատագրումը»։

Իր ծեծի վերաբերյալ գործիչը գրել է․ «Շրջանային ոստիկանության պետ Իսֆենդիյար Մեհբալիևը կոպտորեն բացատրություններ պահանջեց մարդկանց հավաքվելու ու նախապատրաստվող երթի պատճառների վերաբերյալ։ Պատասխանեցի, որ ոչինչ չեմ կազմակերպել․ ինձ դիմել էին հավատացյալները՝ առաջարկելով այցելել նահատակ, ազգային հերոս Մուբարիզ Իբրահիմովի գերեզմանը, ու ես պատրաստվում եմ անել դա»։ (Պաշտոնական վարկածի համաձայն, ենթասպա Իբրահիմովն սպանվել է 2010 թվականի հունիսի 18֊ին՝ ղարաբաղյան սահմանին դիվերսիայի ընթացքում 4 հայ զինծառայող սպանելուց հետո։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նրան հետմահու շնորհել է ազգային հերոսի կոչում ֊ epress.am)

Երկար վեճից հետո, ըստ գրառման, Բագիրաձեն խնդրել է իրեն ազատ արձակել, քանի որ մոտենում էր աղոթքի ժամը․ «Մեհբալիևը, սակայն, արգելեց, որ հեռանամ, ու ես սկսեցի աղոթել բաժնում, ինչը բարկացրեց ոստիկաններին։ Նրանք սկսեցին ծեծել ինձ՝ լրջորեն վնասելով դեմքս ու ծնոտս»։

«Թուրան» տեղեկատվական գործակալության համաձայն, ՆԳՆ մամուլի ծառայությունը հրաժարվել է մեկնաբանել Բագիրաձեի հայտարարությունը։ Ինքը՝ քաղաքական գործիչը, «Թուրանի» թղթակցի հետ զրույցում ասել է, որ պատրաստվում է դատական հայց ներկայացնել ոստիկանության շրջանային վարչության պետի դեմ։