Home / Հայաստան / Վոլոդյա Ավետիսյանի հացադուլին 7 դատապարտյալ է միացել

Վոլոդյա Ավետիսյանի հացադուլին 7 դատապարտյալ է միացել

6 տարվա ազատազրկման դատապարտված պահեստազորի գնդապետ, քաղբանտարկյալ Վոլոդյա Ավետիսյանին, ով երեք օր առաջ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում հացադուլ էր հայտարարել, միացել են ևս 7 դատապարտյալներ: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը:

«Նրանք բոլորն էլ բողոքում են պայմանական ազատման հանձնաժողովից»,-ասել է Ղլեչյանը:

ՔԿՀ-ներում դիտորդական առաքելություն իրականցնող խմբի անդամ Ռոբերտ Ռևազյանի խոսքով՝ վաղաժամկետ ազատման հանձնաժողովը վաղուց չի գործում, և դիմումների ավելի քան 70 տոկոսը մերժվում են: Մինչդեռ, համաձայն օրենքի, ազատազրկման ժամկետի երկու երրորդը լրանալուց հետո, եթե դատապարտյալը լավ պահվածք է դրսևորում, կարող է դիմել համապատասխան հանձնաժողովին՝ բանտից իրեն ազատ արձակելու խնդրանքով:

Վոլոդյա Ավետիսյանին այսօր այցելել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա ֆեսբոյքյան իր էջում գրում է. «Պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատ արձակման մեխանիզմը Հայաստանում դե ֆակտո չի գործում, անձնաժողովները որևէ կերպ չեն հիմնավորում իրենց մերժումները, և անկախ հանձնաժողովի՝ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելուց մերժման որոշումները ՀՀ օրենսդրությամբ բողոքարկման ենթակա չեն: Սա նշանակում է, որ համապատասխան հանձնաժողովները որոշումներ կայացնում են ոչ թափանցիկ, միայն իրենց հայտնի սկզբունքներով, ինչը առաջ է բերում ազատազրկման դատապարտված անձանց եւ նրանց հարազատների հասկանալի բողոքք»: