Home / Բանակ / Ռազմական ինստիտուտի կուրսանտին սպանել են առանձնակի դաժանությամբ․ նախաքննություն

Ռազմական ինստիտուտի կուրսանտին սպանել են առանձնակի դաժանությամբ․ նախաքննություն

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանին 2015 թվականի հունվարի 29-ին սպանած համածառայակիցները գործել են առանձին դաժանությամբ, մասնավորապես, սպանելուց առաջ փակել են բերանը, անշարժացրել՝ այսպիսով զրկելով օգնության կանչելու հնարավարությունից։ Այս մասին գրում է Pastinfo.am-ը՝ հղում կատարելով նախաքննության արդյունքներին։

«Եղել է ինքնասպանության իմիտացիա։ Մի քանի այլ զինծառայողներ բռնել են անկողնում պառկած կուրսանտի ոտքերը և ձեռքերը, փակել բերանը՝ զրկելով օգնություն կանչելու հնարավորությունից, ապա սուր կտրող-ծակող գործիքով կտրել նրա աջ նախաբազկի արմնկափոսի երակը, որին հաջորդել են հարվածներ կուրսանտի կրծքավանդակին և դեմքին, այնուհետև սեղմելով պարանոցը՝ կոտրել են կուրսանտի ենթալեզվային ոսկորը։ Ապա հագցրել են կուրսանտի հագուստները և տեղափոխել զորամասի մարզահրապարակ, որտեղ և պտտաձողից կախել են այս դաժան գործողությունների արդյունքում շնչահեղձությունից մահացած Հայկազ Բարսեղյանին», ֊ գրում է աղբյուրը։

Ավելի վաղ Բարսեղյանի հայրը Epress.am֊ի հետ զրույցում ասել էր, որ իր որդուն սպանողները փորձել են ապացույցներ թողնել սպանության վայրում, թե իբր իր որդին ինքնասպան է եղել, մասնավորապես, որդու ձեռագիրը նմանակելով, գրել են երկտող, որտեղ նշված է եղել, թե իր մահվան մեջ ոչ մեկին պետք չէ մեղադրել։

Խուլիգանական դրդումներով սպանություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել նույն ինստիտուտի զինծառայողներ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Գնել Թևոսյանին և Նորիկ Սահակյանին։ Գնել Թևոսյանը ռազմական ինստիտուտի պետի սպառազինությունների գծով տեղակալ, գնդապետ Զարմիկ Մարկոսյանի որդին է: