Home / Տեսանյութեր / Տուժողները պահանջ չունեն. 8-12 տարվա ազատազրկում՝ հին հեռախոսների և համակարգիչների համար

Տուժողները պահանջ չունեն. 8-12 տարվա ազատազրկում՝ հին հեռախոսների և համակարգիչների համար

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր անփոփոխ է թողել գողություն և ավազակային հարձակում կատարելու մեջ մեղադրվող 4 երիտասարդների 8-ից 12 տարվա ազատազրկման դատավճիռը։ Շուրջ 4 ամիս դատաքննություն անցկացնելով՝ Սևակ Համբարձումյանի (լուսանկարում) ղեկավարած դատավորների եռյակը մերժել է պաշտպանական կողմի բոլոր միջնորդությունները, չի հարցաքննել տուժողներին, վերջին խոսքի հնարավորություն չի տվել մեղադրյալներին։

Դեռ մինչև դատավճռի հրապարակումը մեղադրյալների ծնողները և հարազատները, կանխատեսելով վճիռը, սկսել են բղավել դատախազ Արսեն Աղաբեկյանի վրա․ «Ինչո՞ւ եք 12 տարի դատում, ջահել֊ջահել կործանվե՞ն»։

Ծնողների փոխանցմամբ՝ դատախազը պատասխանել է՝ թող ձեր երեխաները բանտում խաղամոլ դառնան, դուք էլ դրա պատճառով տները վաճառեք։ Աղաբեկյանը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին՝ ասելով․ «Գնացեք հլը ստեղից»։

Ամբաստանյալներից մեկը՝ Արգիշտի Սարիբեկյանը, ընդհանրապես հերքում է, թե կապ է ունեցել գողությունների և ավազակային հարձակման հետ։ Մյուս երեք ամբաստանյալների ծնողները Epress.am֊ի հետ զրույցում ասել են, որ իրենց որդիները գողություն արել են, սակայն 10 տարվա ազատազրկումը երեք հին համակարգիչների և երեք հին հեռախոսների համար արդար դատավճիռ չեն համարում, այն էլ հաշվի առնելով այն փաստը, որ իրենք տուժածներին փոխհատուցում են վճարել։

«Տուժողներից մի գյուղապետ ասաց, որ հին «Պենտիում֊4» համակարգիչները նվեր էր ստացել, չի կարող ասել՝ ինչ արժի, ասել է տվեք 100 հազար, տվել ենք։ Մյուսին էլ իր համակարգիչներն ենք վերադարձրել։ Հին հեռախոսները գնահատել են 660 եվրո։ Տուժողները մեզնից պահանջ չունեն, դատախա՞զն ունի»,֊ ասել է ամբաստանյալներից Գրիգոր Ներսիսյանի մայրը։

Դատարանը հաշվի չի առել նաև գողության պահին անչափահաս ամբաստանյալ Կարեն Խաչատրյանի մոր՝ Ռուզաննա Խաչատրյանի հայտարարությունն այն մասին, որ իր որդուն մեկ օր պահել են քննչական բաժնում՝ առանց ծնողի, ստիպել են ցուցմունք գրել։

Դատաքննությունից դժգոհել է նաև Արգիշտի Սարիբեկյանի մայրը՝ Լարիսա Ասրյանը․

«Դատարանը հայտարարեց, որ վերաքննության կարգով է քննելու, ոչ մի ապացույց չուսումնասիրվեց, ոչ մի։ Չորս ամիս է գալիս, գնում ենք, եթե ուսումնասիրելու բան չկար, թող միանգամից վարույթ էլ չընդուներ։ Նույնն արեց, ինչ Խալաթյանը (Արմավիրի մարզի դատարանի դատավոր Վահե Խալաթյան ֊ խմբ․) Արմավիրում։ Տուժող Ռաֆայել Թևոսյանը, ում տանից գողացել են հեռախոսները, հենց դատարանում հայտարարեց, որ հայերեն լավ չգիտի, [դատավորը] չթողեց, որ ցուցմունք տա ու ասի, որ իրեն ստորագրել են տվել քննիչի գրած ցուցմունքը։ Տուժողն ասել է, որ իր տուն 3 հոգի է մտել, ոչ թե 4»։

Երիտասարդները պատրաստվում են Վճռաբեկ դատարան դիմել։

Նշենք, որ Արգիշտի Սարիբեկյանը 12 տարի է ստացել, Գևորգ Տերտերյանը՝ 10, Գրիգոր Ներսիսյանը՝ 10, Կարեն Խաչատրյանը՝ 8։