Home / Հայաստան / Թուրքիայում անգլալեզու պարբերականի խմբագրին ձերբակալել են Էրդողանին «զրպարտելու համար»

Թուրքիայում անգլալեզու պարբերականի խմբագրին ձերբակալել են Էրդողանին «զրպարտելու համար»

Թուրքական Today's Zaman֊ի գլխավոր խմբագիր Բյուլենթ Քենեշին ուրբաթ՝ հոկտեմբերի 9֊ին, բերման են ենթարկել՝ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին «վիրավորական արտահայտություններ» հնչեցնելու մեղադրանքով։

Քենեշին ձերբակալել են Today's Zaman֊ի խմբագրության շենքի առջև՝ մի շարք գործընկերների «Ազատ մամուլը չի կարող լռեցվել» վանկարկումների ներքո։ Լրագրողի դեմ ներկայացված է մի քանի քրեական բողոք, երկու դատական հայց բարոյական վնասների համար․ ընթանում է վեց հետաքննություն Էրդողանի ու նրա խորհրդականների կողմից ներկայացված զրպարտության վերաբերյալ հայցերի հիման վրա։

«Դատախազ Ումութ Թեփեն միջնորդել է ինձ ձերբակալել թվիթերյալ գրառումների միջոցով նախագահին զրպարտելու համար։ Ես շարունակելու եմ պայքարել ժողովրդավարության ու ազատության համար մինչև վերջին պահը։ Նույնիսկ բանտ ուղարկելով՝ ի վիճակի չեք լինի լռեցնել [իմ] ազատ հոգին»,֊ բերման ենթարկվելուց առաջ «Թվիթեր»֊ի իր էջում գրել է Քենեշը։

Today’s Zaman, որը թուրքական «Զաման» պարբերականի անգլալեզու կայքն է, ենթադրաբար սերտ առնչություն ունի ԱՄՆ֊ում բնակվող իսլամիստ գիտնական Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետ։ Էրդողանի ներքին շրջանակի բազմաթիվ ներկայացուցիչների դեմ 2013֊ին առաջ եկած սկանդալային կոռուպցիոն մեղադրանքներից հետո, Գյուլենի շարժման մի շարք ենթադրյալ անդամների հեռացրել են երկրի ոստիկանական ուժերից ու դատական համակարգից, գրում է Hurriyet Daily News֊ը։