Home / Հայաստան / Վրաստանյան հանդիպում՝ Ադրբեջանում և Հայաստանում ահաբեկչական գործողությունների ֆոնին

Վրաստանյան հանդիպում՝ Ադրբեջանում և Հայաստանում ահաբեկչական գործողությունների ֆոնին

Անցած շաբաթ մասնակցեցի մշակութաբանների, լրագրողների, իրավապաշտպանների, գրողների, ուսանողների, բանաստեղծների և այլ հանրային ու քաղաքական գործիչների հանդիպման։ Եվ քանի որ տվյալ մարդիկ եկել էին Ադրբեջանից, Վրաստանից ու Հայաստանից, նրանց գործունեության ու հետաքրքրությունների բազմազանությունը տեղավորվեց «ադրբեջանցիներ», «հայեր» և «վրացիներ» փոխզիջումային ձևաչափերի մեջ։

Հիշվեց հետևյալը․

֊ Պե՞տք է արդյոք ներքաշվել այս կամ այն երգի, երաժշտական գործիքի կամ ուտեստի ազգային պատկանելության շուրջ անվերջ քննարկումների մեջ։ Մեզ՝ հայկական, ադրբեջանական ու վրացական մշակույթների ներկայացուցիչներիս, հետաքրքի՞ր է՝ տոլման կամ լավաշն ումն է։

֊ Խնդիրն այն չէ՝ տոլման ումն է։ Խնդիրը դրա անմատչելիությունն է։ Ես, հիմնականում, սնվում եմ մակարոնեղենով, քանի որ՝ էժան է։ Ու ես այնքան էլ չեմ հասկանում, թե դուք ինչ նկատի ունեք՝ ինձ «հայկական մշակույթին» դասելով։ Տարածաշրջանի երկրների ընդհանրությունը հայրիշխանական հասարակությունն է, ազգայնականությունը, ճնշումներն ու համատարած բռնությունը։ Այդ առումով՝ ես ընդհանուր մշակույթ ունեմ կանանց հետ Վրաստանից, Ադրբեջանից, և՝ ոչ միայն։ Մենք կիսելու, բանակցելու ու միավորվելու թեմաներ ունենք․․․

֊ Գիտեք՝ այլ մշակույթների դեմ ոչինչ չունեմ, եթե նույնիսկ դուք մշակույթ չունեք․․․

֊ Մշակույթ չի կարող չլինել․․․

֊ Մինչև վերջ լսեք։ Ես հպարտ եմ, որ վրացուհի եմ, որ հանդիսանում եմ այդ մշակույթի ու լեզվի, այդ ավանդույթների ու սովորույթների կրողը․․․

֊ Կներեք, իհարկե, բայց ի՞նչ է նշանակում՝ հպարտ եք, որ վրացուհի եք։ Այդ ինչպե՞ս։ Երկա՞ր եք ընտրել։

սա պատերազմ չէ, այլ՝ ահաբեկչական գործողություններ

֊ Ի՞նչ անել Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին մշտապես տեղի ունեցող ահաբեկչական գործողությունների պայմաններում։ Զոհվում են խաղաղ բնակիչներ։ Նույնիսկ երբ զոհեր չկան, յուրաքանչյուր կրակոց բնակելի տան ուղղությամբ ահաբեկչական գործողություն է։ Քաղաքական ուժերն իրենց շահերն են հետապնդում, և մարդիկ դառնում են փոխանակման մանրադրամ։ Այս ամենը, ցավոք, մեր հասարակություններում սովորական բնույթ է կրում։ Այսօր մենք որոշել ենք զերծ մնալ մեր հանդիպման ուրախությունից ու կիսվել այդ լարվածությամբ ու ահով, որն ապրում են ահաբեկչական գործողությունների թիրախ դարձած մարդիկ։ Դրանք տեղի են ունենում պատերազմի տեսքով, բայց, իրականում, դրանք ահաբեկչական գործողություններ են խաղաղ բնակչության դեմ։ Կշարունակենք շփվել, քննարկել ու փորձել պահպանել արդեն իսկ հաստատված կապերը։

֊ Եթե կարգին իշխանություններ ունենայինք․․․

֊ Ալանդյան մոդելը ձեռնտու է բոլորին, այդ թվում՝ տնտեսական տեսանկյունից։

֊ Խորհրդային ժամանակներում գիտահեն տնտեսություններով հանրապետություններ էինք, իսկ գետնից նավթ քաշելու համար շատ խելք չի պահանջվում։

֊ Եթե մեր երկրներում կարգին հասարակություն լիներ․․․

֊ Երբ դադարում ես ծառայել իշխանություններին, անմիջապես թշնամի ես դառնում։ Չգիտեմ՝ ինչպես է Վրաստանում, բայց մեր ու ձեր մոտ իրավիճակը նույնն է։ Վրաստանում պետք է որ ավելի լավ լինի․․․

֊ Վրաստանում ուղեղ է լվանում նաև եկեղեցին։

֊ Բայց նրանք, գոնե, հրաժարվել են Աբխազիայի ու Հարավային Օսիայի համար պատերազմից։

– Ի սկզբանե, մեզ թվում էր, որ սա անկախության պայքար էր․ հետո մենք էլ կուլ տվեցինք ղարաբաղյան կարթը։

Յուրի Մ․