Home / Հայաստան / Մասիսում խաղողն ամբողջությամբ սկսել են մթերել, երբ գյուղացիները փակել են մայրուղին․ «Ժողովուրդ»

Մասիսում խաղողն ամբողջությամբ սկսել են մթերել, երբ գյուղացիները փակել են մայրուղին․ «Ժողովուրդ»

Երեկ Արարատի և Արմավիրի մարզի խաղողագործները փակել են Երևան֊Մասիս ավտոմայրուղին՝ ի նշան բողոքի խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Երևանի Արարատ կոնյակի֊գինու֊օղու կոմբինատ» ընկերության Մասիսի մթերման կետի աշխատակիցների գործողությունների դեմ։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում գյուղացիները պատմել են, որ գործարանի տնօրինությունը հրաժարվում է ընդունել խաղողը ամենատարբեր, հաճախ անհեթեթ պատճառաբանություններով։ Մասնավորապես, խաղողագործների խոսքով, իրենց ասում են․ «Եթե մի ողկույզի վրա փչացած հատիկներ կան, ողջ բերքը չենք ընդունի»։ Թերթը գրում է, որ նման վիճակ է բոլոր գործարաններում, չնայած բարձրաստիճան պաշտոնյաները, օրինակ, ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանը, խոստացել են, որ ողջ բերքը կմթերվի։

Ճանապարհը փակելուց հետո խաղողագործներին է այցելել Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը և հերթում կանգնած խաղողագործների մի մասին ուղարկել է Մխչյանի գինու գործարան։

Ապա գյուղացիներին են այցելել Սերգո Կարապետյանն ու Գագիկ Ծառուկյանը, ու կրկին խոստացել, որ խաղողը կմթերվի։ Արդեն երեկոյան թերթը տեղեկացել է խաղողագործներից, որ գործարանի տնօրինությունն առանց բացառության ընդունում է բոլորի խաղողը։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում