Home / Հայաստան / Առողջապահության նախարարությունը 10 տարում 57 միլիոնի անհատույց գույք և դրամաշնորհներ է ստացել

Առողջապահության նախարարությունը 10 տարում 57 միլիոնի անհատույց գույք և դրամաշնորհներ է ստացել

ՀՀ Առողջապահության նախարարությունը (ՀՀ ԱՆ) վերջին տասը տարիների ընթացքում ստացել է 5,9 մլն ԱՄՆ դոլարի օտարերկրյա դրամաշնորհ ԱՄՆ Միջազգային զարգացման գրասենյակի և Համաշխարհային բանկի կողմից, իսկ 2009-2014թթ.-ի ընթացքում անհատույց ստացված գույքը, գումարային տեսքով, կազմել է 51 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին տարածած հաղորդագրության մեջ նշում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» իրավապաշտպան կազմակերպությունը։

Ստացած դրամաշնորհները

Մասնավորապես, ՀՀ ԱՆ կողմից 2012-2014թթ.-ին իրականացվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն շտապ բուժօգնության ծառայություններին» դրամաշնորհային ծրագիրը՝ 495,240 ԱՄՆ դոլարի չափով:

Նախարարության «ԱԾԻԳ» պետական հիմնարկի կողմից իրականացվել է Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող թռչնագրիպին նախապատրաստվածության դրամաշնորհային ծրագիրը: Դրա արժեքը կազմել է 1,413,000 ԱՄՆ դոլար:

Առողջապահական համակարգի արդիականացման համար ԱՆ-ն Համաշխարհային բանկից ստացել է 1,308,970 ԱՄՆ դոլար դրամաշնորհ: Ծրագիրն իրականացվել է 2004-2010թթ.-ին:

Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագրի շրջանակներում առողջապահության կատարողականի վրա հիմնված ֆինանսավորման ծրագրի նախապատրաստման համար Առողջապահության նախարարությունը ԱՄՆ-ից 2012թ.-ին ստացել է 400,000 ԱՄՆ դոլար:

2014թ.-ն հիվանդությունների կանխարգելման և վերահսկման դրամաշնորհային ծրագիրի շրջանակներում Առողջապահության նախարարությունը Համաշխարհային բանկից ստացել է 1,8 մլն ԱՄՆ դոլար:

ԱՄՆ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնի կողմից ֆինանսավորվող «Սեզոնային գրիպի համաճարակաբանական ցանցի հիմնում և արձագանքում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում 2013թ.-2014թ.-ին ՀՀ ԱՆ-ին է հատկացվել ևս 528,000 ԱՄՆ դոլար դրամաշնորհ:

Կազմակերպությունը նշում է, որ Առողջապահության նախարարությանը հատկացված դրամաշնորհների շուրջ 92 տոկոսը բաժին է ընկնում Համաշխարհային բանկին: Դրամաշնորհների մնացած 8 տոկոս ԱՆ-ն ստացել է ԱՄՆ ՄԶԳ (USAID) կողմից:

Ստացած գույքը

Ամենից շատ գույքային օգնություն Առողջապահության նախարարությունը հատկացրել է ԱՄՆ-ն: 2009-2014թթ.-ի ընթացքում այդ օգնության գումարային չափը կազմել է 26,7 միլիոն ԱՄՆ դոլար: Երկրորդ տեղում Շվեցարիան է, որի աջակցությունը գնահատվում է 19,6 միլիոն դոլար:

2009-2014թթ.-ին Առողջապահության նախարարությունը անհատույց գույք է ստացել նաև Չինաստանից՝ 3,6 միլիոն դոլար, Կանադայից մոտ 464 հազար դոլար, Դանիայից՝ 452 հազար դոլար: Չինաստանից եկած օգնությունը հիմնականում արտահայտվել է «Ֆորդ» մակնիշի շտապօգնության մեքենաների տեսքով:

ԱՆ-ին շատ փոքր գույքային աջակցություն է ցուցաբերել նաև Ռուսաստանի Դաշնությունը՝ մոտ 6 հազար դոլարի գույք: Նմանօրինակ փոքր օգնություններ են հատկացվել նաև Ֆրանսիայի և Անգլիայի կողմից: Գույքային աջակցությունը այդ երկրներից կազմել է համապատասխանաբար 5144 և 4985 ԱՄՆ դոլար:

Untitled-1

Գլխավոր լուսանկարում՝ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը