Home / Տեսանյութեր / ԲՈՀ֊ն աշխատանքը պաշտպանած տնտեսագետին դոկտորի աստիճան չի շնորհում․ գործը դատարանում է

ԲՈՀ֊ն աշխատանքը պաշտպանած տնտեսագետին դոկտորի աստիճան չի շնորհում․ գործը դատարանում է

Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանն ամիսներ շարունակ չի կարողանում Բարձրագույն որակավորման հանձնաժողովից (ԲՈՀ) ստանալ դոկտորի գիտական աստիճանի մասին իր վկայականը, չնայած դոկտորական ատենախոսությունը պաշտպանել է 2014 թվականի հոկտեմբերի 21-ին, և Հայ֊ռուսական (Սլավոնական) համալսարանի խորհուրդը դոկտորի կոչումը շնորհել է նրան 8 կողմ, 2 դեմ ձայների համամասնությամբ։

Epress.am֊ի հետ զրույցում Եղիազարյանն ասել է, որ ատենախոսությունը պաշտպանելուց հետո ԲՈՀ֊ին է ներկայացրել համապատասխան փաստաթղթերը (2014թ. նոյեմբերի 10-ին), սակայն Հանձնաժողովը վկայական չի տրամադրել՝ նշելով, որ աշխատանքը փորձաքննության է ուղարկվել, եղել են դիտողություններ։ ԲՈՀ֊ի ղեկավար Լիլիթ Արզումանյանը Հայ֊ռուսական համալսարանի խորհրդին խնդրել է աշխատանքի կրկնակի քննարկում կազմակերպել։ Եղիազարյանը, սակայն, հրաժարվել է, չնայած իր հետ զրույցում Արզումանյանն ասել է, որ այդ քննարկումը ձևական բնույթ կունենա։ Տնտեսագետը ցանկացել է իմանալ, թե ով կամ ովքեր են եղել աշխատանքը փորձաքննության ենթարկած և դիտողություններ արած մասնագետները։ ԲՈՀ֊ից, սակայն, այդ տեղեկատվությունը չեն տրամադրել։

Տնտեսագետը դիմել է Վարչական դատարան՝ պահանջելով պարտավորեցնել տրամադրել տեղեկատվությունը: Բացի դրանից, նա սկսել է ուսումնասիրել ԲՈՀ֊ի գործունեությունը և պարզել է, որ այդ կառույցը չունի գիտական աշխատանքները փորձաքննության ուղարկելու կարգ։

«ԲՈՀ-ում ընդամենը երկու փաստաթուղթ գոյություն ունի՝ գիտական աստիճանի շնորհման կանոնակարգ, որն ընդունվել է 1997 թվականին, մի հատ էլ կանոնակարգ մասնագիտական խորհրդի աշխատանքի մասին։ Ուրիշ որևէ փաստաթուղթ գոյություն չունի: ԲՈՀ-ը աշխատում է չկանոնակարգված դաշտում: Ամբողջության սուբյեկտիվիզմ, Լիլիթ Արզումանյանը կուզենա՝ կտա դիպլոմ, ուզենա՝ չի տա»,- ասել է Եղիազարյանը:

Օգոստոսի 28-ին խնդրի առնչությամբ նա դիմել է նաև Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին, ումից պատասխան է ակնկալում մեկամսյա ժամկետում, այսինքն՝ մինչև սեպտեմբերի 28-ը:

«ԲՈՀ-ի ղեկավարն իր վկայականը չի տալիս իր սուբյեկտիվ վերաբերմունքի պատճառով՝ հակաօրինական հիմնավորումներով: Իմ իրավունքների ոտնահարումը ճանաչել է նաև Մարդու իրավունքների պաշտպանը: Ե՛վ ՄԻՊ-ի, և՛ իմ հարցերին ԲՈՀ-ը չի պատասխանում: Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դատական վարույթ է սկսել, որպեսզի դատարանի որոշմամբ ստանա հետևյալ տեղեկատվութունը.

1. Գիտական աշխատանքները փորձաքննության ուղարկելը կարգավորող իրավական ակտի պատճենը (փորձաքննության ուղարկելու կարգ, կանոնակարգումներ, չափանիշներ կամ այլ փաստաթուղթ): 2. Իմ գիտական աշխատանքը փորձաքննության ուղարկելու մասին ԲՈՀ-ի որոշման պատճենը: 3. Իմ գիտական աշխատանքը փորձաքննության ուղարկելու (փորձագետի հետ կնքված) պայմանագրի պատճենը:

Եթե այս տեղեկատվությունը ԲՈՀ-ը չկարողանա տրամադրել, այսինքն չունենա, ապա գործը կարող է հանձնվել իրավապահ մարմիններին»,- ասել է Եղիազարյանը:

Եղիազարյանն ընդգծել է, որ ատենախոսության պաշտպանությանը նախորդող փուլում էլ ինքը խոչընդոտների է հանդիպել։ Նախապաշտպանությունը հնարավորինս ձգձգել են, իսկ աշխատանքի քննարկման ժամանակ Տնտեսագիտական համալսարանի Միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի վարիչ, ԲՀԿ֊ական պատգամավոր Միքայել Մելքումյանը և Միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչն ասել են, թե ատենախոսության մեջ հեղինակը քննադատում է Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու հեռանկարը, մինչդեռ ՀՀ կառավարությունն այդ ուղին է բռնել։

«Ես հենց այդ ժամանակ կոչ արեցի չքաղաքականացնել գիտական աշխատանքի քննարկումը։ Աշխատանքում հիմնավորվում էր, որ Հայաստանում կախյալ տնտեսություն է և, եվրասիական ուղղություն բռնելով՝ տնտեսությունը կարող է աղետի առաջ կանգնել» ֊ պատմել է Եղիազարյանը։

Այնուամենայնիվ, բոլոր ատյաններում Եղիազարյանի աշխատանքը դրական եզրակացության է արժանացել, և նա հաջողությամբ պաշտպանել է այն, որից հետո խնդիրները սկսվել են ԲՈՀ֊ում։