Home / Տեսանյութեր / Հոգեբուժարանի մասին հրապարակման համար կլինիկան 3 միլիոն է պահանջում

Հոգեբուժարանի մասին հրապարակման համար կլինիկան 3 միլիոն է պահանջում

«Ավան հոգեկան առողջության կենտրոն»-ը դատարանից խնդրում է ճանաչել, որ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և քաղաքացի Ժուլետա Ամարիկյանը վիրավորել և զրպարտել են բուժհիմնարկը, ինչպես նաև պահանջում են պարտավորեցնել պատասխանողներին ընդհանուր առմամբ 3 միլիոն դրամ փոխհատուցում տրամադրել:

Ավանի կլինիկայի ղեկավարությունը նաև պահանջում է հերքել «Մարդու իրավուքների վիճակը ՀՀ նյարդահոգեբուժական բուժհաստատություններում 2013թ.» ՀՔԱ Վանաձորի գրասենյակի զեկույցում հրապարակված հետևյալ տեղեկությունները. «…Ժուլետա Ամարիկյանը բռնի ուժով է բերվել հոգեբուժական հաստատութուն: Փաստաբան Տիգրան Հայրապետյանը հայտնել է, որ մոտ մեկ ամիս տառապել է հոգեբուժարանում տիրող մթնոլորտից և պայմաններից, առաջին 5 օրվա ընթացքում չի սնվել, միայն ջուր է խմել, հրաժարվել է ընդունել նշանակված դեղերը, քանի որ դեղերի ընդունման առաջին իսկ օրը սիրտը վատացել է և չի կարողաել քնել ամբողջ գիշեր, դեղերը բուժման վերջին օրը ստիպողաբար ներարկել են: Հոգեբուժարանում գտնվելու ողջ ընթացքում Ժուլետա Ամարիկյանը տանջվել և տառապել է, ոտնահարվել և ստորացվել է նրա արժանապատվությունը: Հոգեբուժարանում գտնվող բուժում և խնամք ստացող անձինք անընդհատ ծեծել և վիրավորել են միմյանց և գողացել միմյանց ուտելիքները»:

Epress.am֊ի հետ զրույցում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Արայիկ Զալյանն աբսուրդ է որակել այն, որ հիվանդանոցը պատասխանողի կարգավիճակում կանչել է նաև իրենց կազմակերպությանը, քանի որ կազմակերպությունը միայն հրապարակել է Ամարիկյանի ասածը:

Այսօր ավարտվել է գործով նախաքննությունը, հայցը հստակեցվել է, և գործը դատաքննության փուլ է մտել։

Հիշեցնենք՝ կինը պնդում է, որ հոգեկան առողջության խնդիրներ չունի և հոգեբուժական կլինիկա տեղափոխվել է բնակարանի շուրջ եղբոր հետ ծագած վեճի պատճառով: