Home / Տեսանյութեր / Ռեժիմի գոյատևման պայմանը քաղաքացուն ճնշելն է․ Կյուրեղյանի ճառը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ռեժիմի գոյատևման պայմանը քաղաքացուն ճնշելն է․ Կյուրեղյանի ճառը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սերժ Սարգսյանը նախագահական ընտրություններից առաջ (2013 թվականի – Epress.am) ասաց՝ ինչքան ուզենք, կխփենք։ 14 տարին դրա նման մի բան է։ Այս մասին այսօր իր վերջին ճառի ժամանակ ասել է խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող ծրագրավորող Հայկ Կյուրեղյանը, ում համար դատախազ Հարություն Սարգսյանը նախորդ նիստին 14 տարի էր պահանջել։

Կյուրեղյանն ընդգծել է, որ անգամ իրավագետներին է զարմացրել 14 տարի պահանջելու փաստը։

«Բայց հանգիստ եղեք, ես 14 տարի չեմ նստելու։ Կարող է 14 օր էլ չնստեմ, ռեժիմը կարող է 14 օր էլ չգոյատևի», ֊ ասել է Կյուրեղյանը։

Նա նշել է, որ ինքն ապաքաղաքական և ապակուսակցական է եղել, բայց երկրում տիրող ամենաթողությունը ստիպել է իրեն այդ քայլի գնալ՝ քաղբանտարկյալներ Շանթ Հարությունյանի և նրա ընկերների դատավարության օրը կրակել ոստիկանների ուղղությամբ։

Մեղադրյալի խոսքով՝ Հայաստանում տիրող բարքերի, բռնապետական ռեժիմի պարագայում այլ ելք չի մնացել, քան ինքնադատաստան տեսնել բոլոր նրանց նկատմամբ, ովքեր իրենց թույլ են տալիս խախտել օրենքը և ձեռք բարձրացնել քաղաքացիների վրա։

«Ռեժիմի գոյատևման պայմանը և դրանից բխող նպատակն է ամեն կերպ ճնշել քաղաքացուն, ամեն կերպ նրան ոչնչություն դարձնել։ Այսինքն, եթե բոլոր քաղաքակիրթ ճանապարհները ռեժիմը փակում է, թույլ չի տալիս քաղաքացին որևէ քաղաքակիրթ ճանապարհով պաշտպանի իր արժանապատվություն, էս երկրում նորմալ ապրելու իրավունքը, ոչ քաղաքակիրթ ձևերով, կտրուկ ձևերով լուծի իր հարցը», ֊ ասել է մեղադրյալը։

Կյուրեղյանը նշել է նաև, որ ինքը չի կարող ապրել և ոչինչ չանել մի երկրում, որտեղ օլիգարխը մարդ է «գողանում ու ծեծում», իսկ ոստիկանն ապօրինաբար ուժ է կիրառում քաղաքացիների նկատմամբ։

Ծրագրավորողի ճառի ժամանակ Արմեն Բեկթաշյանը փորձել է ընդհատել նրան՝ ասելով, որ Կյուրեղյանի ասածը չի վերաբերում մեղադրանքին, սակայն մեղադրյալը պահանջել է չընդհատել իրեն ու շարունակել է խոսքը։

Նշենք, որ Կյուրեղյանի վերջին ճառի ժամանակ դահլիճում ներկա էին միայն լրագրողները։ Դատավոր Բեկթաշյանը թույլ չէր տվել Կյուրեղյանի աջակիցներին դահլիճ մտնել նիստի առաջին հատվածում տեղի ունեցած միջադեպից հետո։