Home / Հայաստան / Գասպարին պնդում է՝ ոստիկանը սուտ ցուցմունք է տվել. դատարանը հրաժարվում է ընթացք տալ

Գասպարին պնդում է՝ ոստիկանը սուտ ցուցմունք է տվել. դատարանը հրաժարվում է ընթացք տալ

Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանն այսօր մերժել է ինժեներ Վարդգես Գասպարիի միջնորդությունը, որով վերջինս պահանջում էր դիմել դատախազություն՝ սուտ ցուցմունք տալու համար ոստիկանի դեմ քրեական հետապնդում սկսելու նպատակով: Գասպարիի միջնորդությանը դատավորը չէր անդրադառնում 6 ամսվա ընթացքում:

Ինժեները պնդում է, որ դեռևս 2014 թվականի դեկտեմբերի 20-ին դատարանում ոստիկանության աշխատակից Սոնա Մելիքյանը սուտ ցուցմունք է տվել։ Ինժեների խոսքով՝ դա ստուգելը բարդ չէ, պետք է պարզապես լսել Վարչական դատարանում տեղի ունեցած նիստի ձայնագրությունը։ Մասնավորապես, Գասպարին պնդում է, թե Մելիքյանը Վարչական դատարանում ասել է. «Դուք երևանյան լճի մարմնավաճառներից բեթար եք…»։ Ըստ ինժեների՝ Մելիքյանը նաև ստել էր՝ ասելով, թե 2 դատական նիստեր հետաձգվել են Գասպարիի բացակայության պատճառով։  

Վարդգես Գասպարին պնդում է, թե նիստերից մեկը չի կայացել հենց Սոնա Մելիքյանի բացակայության պատճառով, իսկ մյուս նիստը կայացել է, և ինքը ուշացումով ներկայացել է դատարան։   

Դատավորը հետաձգում էր միջնորդության քննարկումը՝ պնդելով, որ դրան կանդրադառնա, երբ ի հայտ գան «էական հանգամանքներ»։

Այսօր միջնորդությունը մերժելու մասին որոշումը լսելուց հետո Գասպարին բացարկ է հայտնել դատարանին։ Նա նաև ասել է, որ այդ միջնորդությունը մերժելու դեպքում ինքն այլևս չի մասնակցի դատավարությանը։

Դատավոր Բաղդասարյանի վարույթում գտնվող գործի նյութերի համաձայն, Գասպարին մեղադրվում է նիստի բնականոն աշխատանքը խոչընդոտելու, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու մեջ: Ըստ մեղադրականի, ինժեները ոստիկանության ծառայողներ Դիանա Վարդանյանի և Սոնա Մելիքյանի հասցեին Վարչական դատարանում հնչեցրել է հետևյալ արտահայտությունները՝ «դուք հանցագործ սրիկաներ եք», «մարդասպաններ, թափթփուկներ, լակոտներ, դուք սպանեցիք իմ եղբորը», «բավական է մարդասպաններին ընդհուպ մինչև Վովա Գասպարյանին թաքցնեք ձեր փեշի տակ», «վեց տարի ա ինչ եք անում, թափթփուկներ, հանցագործներ»: Դատական նիստը նախագահող դատավոր Ռուզաննա Հակոբյանին Գասպարին ասել է. «Ձեր նման անարժանապատիվ և անինքնասեր դատավորներ են, որ այսօր իրավիճակը հասցրել են այստեղ: Միայն այն, որ եվրոպական դատարաններում Ձեր 47 վճիռներից 46-ը ճանաչվել են անվավեր, դա պետք է Ձեզ մի քիչ հուզեր, բայց քանի որ դուք անարժան եք և անինքնասեր, Ձեր գործակալական գործողությունն եք կատարում» և «Դուք ստոր և անարժանապատիվ դատավորներ եք, որպես գործակալներ այս հանցագործ իշխանությանը պահում եք իրենց գործի վրա»։