Home / Հայաստան / Խանութի սեփականատերը պնդում է՝ իրեն ստիպում են էլէներգիայի համար վճարել նոր գնով․ ՀԷՑ֊ը հերքում է

Խանութի սեփականատերը պնդում է՝ իրեն ստիպում են էլէներգիայի համար վճարել նոր գնով․ ՀԷՑ֊ը հերքում է

Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության աշխատակիցները թերթիկեր են բաժանում և ասում, որ բաժանորդները պետք է ստորագրեն դրանք: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում պատմել է Մուսալեռի բնակիչ Թաթուլ Սողոմոնյանը:

Նա նշել է, որ Մուսալեռում ինքն ունի փոքր բիզնես՝ մթերային խանութ: Սողոմոնյանի խոսքով՝ այդ նոր պայմանագրերն իր օրինակով ստացել են այլ փոքր բիզնեսով զբաղվող մադրիկ ևս:

«Դրանք անվանական թղթեր են: Գրված է, որ «ես՝ Թաթուլ Սողոմոնյանս, օգոստոսի 1-ից էլեկտաէներգիայի համար պետք է վճարեմ 48 դրամ՝ ցերեկը, 38 դրամ՝ գիշերը: Ես պետք է այդ պայմանագիրը ստորագրեի: Սակայն ես հրաժարվեցի, ու թղթի վրա գրեցի՝ դուք չեք կատարում վարչապետի որոշումը: Ինձ ասացին, որ լույսը կանջատեն, եթե չստորագրեմ, բայց չեմ ստորագրել: Եթե անջատեն, մեր ընտանիքներով գալու ենք նախագահական նստավայրի մոտ նստենք»,- ասել է Սողոմոնյանը:

Հիշեցնենք, որ Կառավարության օգոստոսի 31-ի նիստում Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ այս տարվա օգոստոսի մեկից մինչև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում անցկացվելիք աուդիտի ավարտը կառավարությունը կփոխհատուցի մինչև 500 կՎտժ էլեկտրական էներգիայի սպառում ունեցող սպառողների (ՓՄՁ֊ների) ծախսը (ամսական մինչև 250 կՎտժ էլեկտրական էներգիայի սպառման մասով):

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը Epress.am-ի հետ զրույցում հերքել է, թե ՓՄՁ-ներին բաժանվող թղթերում խոսք չկա թանկացված սակագնով վճարելու պարտավորության մասին:

«Բաժանորդներին բաժանվում է իրենց պայմանագրերի թիվ երեք հավելվածը թարմացնելու թղթեր: Դրանցում նշված է, որ միայն 500 կիլովատ էներգիա սպառելու դեպքում բաժանորդը պետք է նոր սակագնով վճարում անի: Իսկ եթե մինչև 500կՎտժ է, նշվելու է՝ ինչքան է վճարում բաժանորդը, ինչքան է սուբսիդավորում պետությունը: Հաշվարկ չկա դեռ, մենք չենք ներկայացրել օգոստոսի սպառումների մասին հաշվարկները», -ասել է Սարջանյանը: