Home / Հայաստան / Հայաստանի իշխանությունն անհայտ կորածների մասին օրենքի ընդունումը հրատապ չի համարում

Հայաստանի իշխանությունն անհայտ կորածների մասին օրենքի ընդունումը հրատապ չի համարում

«Անհայտ կորած անձանց մասին» օրենքի ընդունման հետաձգումը պայմանավորված է նախագծի ոչ հրատապ լինելով: Այս մասին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակին գրություն է ուղարկել ՀՀ արդարադատության նախարարությունը:

Իրավապաշտպանական կազմակերպությունն իր մտահոգությունն է հայտնում նման վերաբերմունքի հանդեպ՝ հիշեցնելով, որ 1994 թվականին հայկական և ադրբեջանական կողմերի միջև կնքված զինադադարից հետո ևս շարունակվում են երկուստեք կորուստները․ հրադադարի ռեժիմի խախտման և իրավիճակի պարբերական թեժացման հետևանքով ղարաբաղա֊ադրբեջանական բաժանարար գծում և հայ-ադրբեջանական սահմանագծում գերևարվում և անհայտ կորում են բազմաթիվ անձինք:

«Այս պարագայում կառավարության դրսևորած վարքագիծը չի համապատասխանում Ժնևյան կոնվենցիաներով պետության վերցրած պարտավորություններին: «Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի ընդունումը ոչ միայն հրատապ է, այլև դրա ընդունումը կարող է ունենալ կանխարգելիչ նշանակություն, որը հնարավորություն կտա ապահովելու անհայտ կորածների և նրանց հարազատների իրավունքների պաշտպանությունը»,- գրում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայքը:

Հիշեցնենք, որ 2010 թվականի մարտին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նախաձեռնել է «Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման աշխատանքները, որոնք ավարտվել են դեռևս 2011 թվականի ապրիլին, որից հետո այն պետք է քննարկվեր միջգերատեսչական հանձնաժողովի կողմից՝ ՀՀ Ազգային ժողովի օրակարգում ներառելու նպատակով:

Անցյալ տարի Կարմիր Խաչի կողմից հրապարակված տվյալների համաձայն, ղարաբաղյան հակամարտության հետևանքով պաշտոնապես կա 4610 անհայտ կորած: