Home / Տեսանյութեր / Դատարանը Թեղուտի հանքը շահագործողի օգտին որոշում կայացրեց

Դատարանը Թեղուտի հանքը շահագործողի օգտին որոշում կայացրեց

Վարչական դատարանի դատավոր Սամվել Հովակիմյանը երեկ կարճել է Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչների և բնապահպանների հայցով սկսված վարչական գործը՝ այն հիմքով, թե պահանջը կատարվել է: Բնակիչները պահանջում էին պարտավորեցնել Բնապահպանության նախարարությանը ստուգումներ անցկացնել Թեղուտի հանքավայրում՝ պարզելու համար՝ արդյոք «Թեղուտ» ընկերությունը խախտումներ է թույլ տվել։

Դատավորը գործը կարճելը հիմնավորել է նրանով, որ նախարարը հանձնարարական է տվել ստուգումներ սկսել հանքավայրում: Ինչպես դատարանում հայտարարել է Բնապահպանության նախարարության ներկայացուցիչ Խաչատուր Խաչատրյանը, ստուգումները կասեցվել են Կառավարության՝ բոլոր նման ստուգումները դադարեցնելու որոշումից հետո: Հայցվորների ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանը միջնորդել է մինչ կասեցումը կատարված ստուգումների մասին տեղեկատվություն ներկայացնել, սակայն նախարարության ներկայացուցիչը հրաժարվել է դա անել:

Դատավորն ասել էր, որ այդ միջնորդությանը կանդրադառնա վճիռը հրապարակելիս, սակայն, կարճելով գործը, նա նաև չի պարտավորեցրել նախարարությունը տեղեկատվություն տրամադրել հայցվորին:

Հայցվորներից մեկը, իրավաբան Արթուր Գրիգորյանը Epress.am-ի հետ զրույցում ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ դատարանը չի մերժել հայցը, այլ կարճել է գործը:

«Մենք չենք պահանջել հանձնարարել, որ ստուգումներ լինեն, մենք պահանջել ենք, որ ստուգումներ անցկացվեն և արդյունքները հրապարակվեն: Ինչը չի արվել։ Ստուգումները եթե անգամ սկսվել են, կանգնեցվել են: Ասել, որ մեր պահանջը բավարարված է և դրանից հետո գործը կարճել, անհեթեթություն է: Մենք բողոքարկելու ենք վճիռը»,- ասել է Արթուր Գրիգորյանը:

Երկու օր առաջ դատական նիստից հետո հայցվորներ Գրիգորյանը և Աննա Շահնազարյանը հայտարարել էին, որ իրենք անհերքելի փաստեր ունեն, թե «Թեղուտ» ընկերությունը հանքավայրում աշխատանքների ընթացքում խախտումներ է թույլ տվել։

Զրույցի տեսանյութը․