Home / Հայաստան / Նախարարը բացատրել է «Նաիրիտ»-ի պարտքերի պատճառը

Նախարարը բացատրել է «Նաիրիտ»-ի պարտքերի պատճառը

«Նաիրիտ»֊ի պարտք կուտակելու պատճառն այն է, որ 2007-2010 թվականներին գործարանը իր արտադրանքը՝ քլորոպրենային կաուչուկը, վաճառում էր ինքնարժեքից ցածր գնով։ Այս մասին այսօր ԱԺ-ում «Նաիրիտի»  գործարկման շուրջ քննարկման ժամանակ հայտարարել է Էներգետիկայի ևբնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:

Նա ասել է, որ 2007 թվականին  1 տոննա  կաուչուկի ինքնարժեքը կազմել է 3.7  հազար ԱՄՆ դոլար, 2008 թվականին՝ 4.6 հազար, 2009 թվականին՝ 6 հազար: Իսկ  վաճառքի գինը եղել է 3-3.5 հազար դոլար՝ մեկ տոննայի համար:

«Այսպիսի  պայմաններում արտադրությունը շարունակելը կնշանակեր ինքնասպանություն: Բայց սեփականատերը  շարունակում էր՝  ավելացնելով հարկերը  և կուտակելով պարտքերը»,- ասել է նախարարը:

2006 թվականին «Նաիրիտ»-ը 40 միլիոն դոլարով վաճառվել է Rhinoville Property Limited ընկերությանը: ԱՊՀ Միջպետական բանկը 2006թ․  Rhinoville Property Limited ընկերության համար 70 միլիոն դոլարի չափով վարկ էր ձևակերպել, որն ընկերությունը չի մարել։

2014թ․ Մոսկվայի արբիտրաժային դատարանը բավարարել է Միջպետական բանկի հայցը` «Նաիրիտ»-ի սեփականատեր Rhinoville Property Limited ընկերությունից 90% բաժնետոմսերը պարտքերի դիմաց բռնագանձելու վերաբերյալ։ Մնացած 10%-ը պատկանում է ՀՀ կառավարությանը։