Home / Հայաստան / Աղմկահարույց սպանության գործով դատապարտված բժիշկը սպանվածի ընտանիքին 2 մլն է վճարել

Աղմկահարույց սպանության գործով դատապարտված բժիշկը սպանվածի ընտանիքին 2 մլն է վճարել

Վանաձորում կատարված աղմկահարույց սպանության գործով 3 տարվա ազատազրկման դատապարտված բժիշկ Վլադիմիր Ղուկասյանը չի բողոքարկել դատավճիռը, թեև չի ընդունում իր մեղավորությունը: Այս մասին Epress.am-ին հայտնել է բժշկի փաստաբան Ռուբեն Հակոբյանը:

Ղուկասյանը մեղավոր էր ճանաչվել այն բանի համար, որ 2013թ. հոկտեմբերի 12-ին Վանաձոր քաղաքում տեղի ունեցած դանակահարության հետևանքով մահացած Դավիթ Հովակիմյանին անբարեխիղճ վերաբերմունք է ցուցաբերել և մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարել։

Փաստաբան Հակոբյանի խոսքով՝ դատական ակտի ուժի մեջ մտնելը նպատակահարմար էր նրանով, որ դա թույլ տվեց Ղուկասյանին պատիժը կրել բաց ռեժիմով, քանի որ վերջինս մեղավոր էր ճանաչվել անզգուշությամբ կատարված հանցագործության մեջ: Այդպիսի ռեժիմն անհրաժեշտ է, քանի որ Ղուկասյանը 62 տարեկան է և ունի առողջական խնդիրներ:

Բացի դրանից, պաշտպանական կողմը հույս ունի, որ պատժի մեկ երրորդը կրելուց հետո քրեակատարողական հիմնարկը Ղուկասյանին կներկայացնի վաղաժամ ազատման, քանի որ նա դրական վարք է դրսևորել և կատարել է նաև քաղաքացիական հայցով դատական ակտը. սպանված Դավիթ Հովակիմյանների ընտանիքն վճարել է 2 միլիոն դրամ:

Հիշեցնենք, որ Դավիթ Հովակիմյանին սպանելու փորձի մեջ մեղադրվող Կարեն Կունգորցևը չի ընդունում մեղադրանքը: Նա պնդում է, որ չի եղել դեպքի վայրում: Կունգորցևի գործով դատավարությունը մոտենում է ավարտին: Բոլոր վկաները, ովքեր նրա դեմ ցուցմունք էին տվել, դատարանում հրաժարվել են նախաքննական ցուցմունքներից: 

Գործի մանրամասները՝ այստեղ