Home / Տեսանյութեր / Թուրքիայում լարված իրավիճակ է․ ձախերը հազարավոր մարդկանց են փողոց դուրս բերում

Թուրքիայում լարված իրավիճակ է․ ձախերը հազարավոր մարդկանց են փողոց դուրս բերում

Երեկ երեկոյան Ստամբուլում տեղի ունեցավ հակաիսլամիստական ցույց, որը նպատակ ուներ հիշել հուլիսի 24-ին սպանված Մարդկանց Ճակատ (HC- Halk Cephesi) ծայրահեղ ձախական ընդհատակյա կազմակերպության անդամ, մարքսիստուհի Գյունայ Օզարսլանիին, ում մարմինը ցուցարարները պահանջում էին վերադարձնել նրա բարեկամներին։ Համաձայն պաշտոնական տվյալների Գյունայը մահացել է ոստիկանների հետ փոխհրաձգության ժամանակ, չնայած լրագրողների և փաստաբանների փոխանցմամբ Գյունայ Օզարսլանն անզեն է եղել։

Ինչպես գրում է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի «Անիշխան» խմբի էջը, ոստիկանությունը պղպեղային գազ կիրառելով խաղաղ ցուցարարների նկատմամբ և քաղացիական հագուստով ոստիկանների օգնությամբ սադրանքներ իրականացնելով՝ դրդել է նրանց պատասխան բռնության։ Չնայած բազմաթիվ ձախեր ձերբակալվել են, ցույցը շարունակվել և թափ է հավաքել՝ անցնելով բարիկադային հակամարտության փուլ։ Ավելի ուշ ոստիկանությունը դադարեցրել է հարձակումները և կատարել ցուցարարների պահանջը՝ Գյունայի դին բարեկամներին վերադարձնելով։

Այսօր ժամը 19:30 «Ուսանողական կոլեկտիվները», որ մեծամասամբ ձախական կազմակերպություն է, նախատեսում է Ստամբուլում բողոքի մեծ ցույց անցկացնել։ Աշխարհով մեկ տարբեր ձախ և անարխիստական խմբեր հայտարարում են իսլամիզմի և էրդողանական ռեժիմի դեմ ուղղված պայքարի հետ իրենց սոլիդարության մասին։

Զուգահեռաբար իրավիճակը թեժանում է Թուրքիայի այլ հատվածներում․ Դիարբեքիրում ռումբով պայթեցվել է ոստիկանության բաժանմունք․ որոշ տեղեկություններով այդ պայթյունը իրականացրել են Քրդական Բանվորական Կուսակցության (PKK) անդամները։ Արդյունքում սպանվել է երկու ոստիկան։

Բիսմիլ քաղաքում ևս զինված հարձակում է եղել ոստիկանության բաժանմունքի վրա, արդյունքում 8 ոստիկան ծանր վիրավորվել է։

Թուրքական մեդիան հիմնականում դեռևս լռում է, իսկ համացանցում մեծ քանակությամբ ապատեղեկատվություն է շրջանառվում։

Որոշ ձախ ռեսուրսների հաստատմամբ՝ PKK֊ն իրոք ակտիվ մասնակցություն ունի Դիարբեքիրի հակամարտությունում։ Այժմ այդտեղ Թուրքիայի ԶՈՒ֊ի մասնկացությամբ թեժ կռիվներ են շարունակվում, կարծես, նույնիսկ ավիացիա է կիրառվում։

«Անիշխան»֊ը նշում է, որ PKK֊ն կոչ է անում վաղվանից համաքրդական ապստամբություն բարձրացնել։ Ուժերի դասավորությունն առայժմ անհասկանալի է․ պարզ չի՝ արդյոք արմատական ձախերը կգնան PKK֊ի ազգայնական թեքում ունեցող ձախերի հետ ժամանակավոր դաշինքի, թե կփորձեն հեռանալ մուրճի և զնդանի արանքից։ Նույնպես անհասկանալի է, թե ինչպես իրեն կպահի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։

Նշենք, որ Թուրքիայում իրավիճակը թեժացել է Սուրուչի պայթյունից հետո, որը 32 մարդու կյանք է խլել, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են։ Պայթյունի պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Իսլամական պետություն»֊ը, որից հետո PKK֊ն երկու թուրք ոստիկանի է սպանել՝ Թուրքիայի իշխանություններին մեղադրելով ահաբեկիչներին աջակցելու մեջ։