Home / Հայաստան / Շուկան հանձնել են ՌԴ֊ին․ ինչու են Հայաստանից հեռանում ավիաընկերությունները

Շուկան հանձնել են ՌԴ֊ին․ ինչու են Հայաստանից հեռանում ավիաընկերությունները

Մի շարք ավիաընկերությունների Հայաստանից հեռանալն ունի թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական դրդապատճառներ։ Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանն այսօր վասալի կարգավիճակում է, քանի որ ողջ շուկան հանձնել է Ռուսաստանին։

Պետրոսյանն այստեղ անվտանգության լուրջ խնդիր է տեսնում, քանի որ եթե Հայաստանն էլ ընկնի պատժամիջոցների տակ, սեփական ավիափոխադրող չունենալով, կհայտնվի շրջափակման մեջ։

Նշենք, որ վերջին տարվա ընթացքում հայաստանյան շուկան լքել են մի շարք միջազգային ավիաընկերություններ, մասնավորապես, լեհական «Լոտը», չեխական «Չեք էյրլայնզը», իսկ, օրինակ, օգոստոսի 1-ից չվերթները դադարեցնելու է ԱՄԷ֊ի «Իտիհադը»:

Պետրոսյանի խոսքով՝ հայաստանյան «Էյր Արմենիան» սնանկացավ, քանի որ չդիմացավ այն դեմփինգային քաղաքականությանը, որը վարում էին ռուսական ընկերությունները։ Այժմ ընկերությունը մեծ պարտքերի տակ է, որը «մեր ժողովրդի վրա է»։

Քաղաքագետ Արմեն Գրիգորյանն ասել է, որ Հայաստանից ավիաընկերությունների հեռանալը և ավիատոմսերի բարձր գները պայմանավորված են, առաջին հերթին, պետության կողմից սահմանված բարձր հարկերով։

«Երբեմն փաստարկ է հնչում, որ թանկ է, քանի որ մասնավոր ընկերություն է ղեկավարում օդանավակայանը։ Օդանավակայանի կողմից սահմանված հարկերը ուղևորների համար միջին հարկեր են, իսկ պետության կողմից [հարկերը] չափազանց բարձր են», ֊ ասել է Գրգորյանը։

Նա ներկայացրել է ԱՄՆ Զարգացման գործակալության հետազոտության արդյունքները, որոնց համաձայն, հայաստանյան հարկերը ամենաբարձրերից են Արևելյան Եվրոպայում։

«Օրինակ, երբ «էյրբաս 320»-ն իջնում է Երևան, 2 ժամի համար վճարում է 28 490 եվրո։ Համեմատության համար՝ Ռիգայում այդ գումարը 15960 եվրո է։ Գնային տարբերությունը շատ մեծ է», ֊ ասել է Գրիգորյանը։

Նա բերել է Վրաստանի օրինակը, որտեղ «ազատ երկնքի» քաղաքականությունը լուրջ արդյունքների է բերել։

«Էժան ավիաընկերությունների մուտքը մեծ փոփոխություններ մտցրեց։ Օրինակ, 30 եվրոյով Քութաիսիից Բուդապեշտ չվերթներ կան։ 40 եվրոյով կարելի է թռչել Վարշավա», ֊ ասել է քաղաքագետը։

Նրա խոսքով՝ ՀՀ կառավարությունն իրականում ցանկություն չունի իսկապես բարելավելու ոլորտը և ավիափոխադրողների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու։ Գրիգորյանն առաջարկել է, օրինակ, վերացնել 10000 օդի հարկը, որն իրականում բյուջե չի մտնում։

«Իրենց խնդիրը բյուջեն ավելացնելը չէ։ Կոնկրետ խմբեր կան, որոնք շահում են», ֊ ասել է քաղաքագետը։