Home / Հայաստան / Աշխատավարձի պարտքի մարման վերջնաժամկետը հուլիսի 15֊ն է, հիշեցրել են նաիրիտցիները

Աշխատավարձի պարտքի մարման վերջնաժամկետը հուլիսի 15֊ն է, հիշեցրել են նաիրիտցիները

«Նաիրիտ» ընկերության նախկին աշխատակիցներն այսօր հերթական բողոքի ակցիան են անցկացրել Կառավարության շենքի մոտ՝ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին հիշեցնելով դեռևս չկատարված՝ աշխատավարձի պարտքը մինչև հուլիսի 15-ն ամբողջությամբ մարելու մասին խոստման մասին:

«Այսօրվա ակցիան ուղղակի հիշեցման, ինֆորմատիվ բնույթ կրող ակցիա է: Մեր աշխատակիցներն ուղղակի անհանգստացել են. եթե մինչև հուլիսի 15-ն ամբողջ աշխատավարձը պետք է մարվի, ապա հիմա արդեն գոնե մի քանի ամսվանը պետք է ուղարկած լինեին», – Epress.am-ի հետ զրույցում ասել է «Նաիրիտի» նախկին մամուլի խոսանակ Անուշ Հարությունյանը:

Նաիրիտցիները պատմել են, որ Զախարյանը խոստացել էր մինչև հուլիսի 15-ն աշխատավարձի ողջ պարտքը մարել հունիսի 9-ի ակցիայի ժամանակ: «Այստեղ ներքևում ասեց՝ կտանք։ Մենք լսածին չէինք հավատում, մեզ բարձրացրեց, մի հատ էլ վարչապետի մոտ խոստացավ», – պատմել է «Նաիրիտի» նախկին աշխատակիցներից մեկը:

Բողոքողներն այսօր քննարկում են անցկացրել և որոշել, որ, եթե խոստումը չկատարվի, հուլիսի 16-ից նստացույց են սկսելու կառավարության շենքի մոտ:

Նշենք, որ «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցներին 18-24 ամսվա աշխատավարձ են պարտք։