Home / Հայաստան / Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով կասկածյալներին կալանավորել են

Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով կասկածյալներին կալանավորել են

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և նրա երկու ուղեկիցների նկատմամբ մահափորձի մեջ կասկածվող 4 անձիք վերցվել են երկամսյա կալանքի տակ։ Նման որոշում է կայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը։

Ավելի վաղ ԱԱԾ֊ն հայտնել էր, որ Խաչատրյանի դեմ սպանության փորձ կատարելու գործի շրջանակներում ձերբակալվել են Կապան քաղաքի բնակիչներ Գարեն Աթաջանյանը, Հենրիկ Ավագյանը և Գորիս քաղաքի բնակիչներ Վիտալի Մինասյանը և Արա Բուդաղյանը։ Վերջինս 2013 թվականի հունիսի 1-ին Սյունիքի մարզպետի տան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի և վիրավորում ստացած Արտակ Բուդաղյանի կրտսեր եղբայրն է։ Համաձայն ԱԱԾ մամուլի կենտրոնի, ձերբակալվածներին կասկածում են «հանցագործությանն առնչակից» լինելու մեջ։

Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը անհիմն է համարել իր պաշտպանյալին ձերբակալելու որոշումը։ Նրա խոսքով՝ քննիչը հրաժարվել է մանրամասն ներկայացնել, թե Բուդաղյանը կոնկրետ երբ և ինչպես է դրդել մահափորձ իրականացնել Սյունիքի մարզպետի դեմ: Հարցաքննության ժամանակ Բուդաղյանը հայտարարել է, որ առնչություն չունի մահափորձի հետ։

Շաբաթ օրը «Ազատության» հետ զրույցում փաստաբանն ասել է նաև, որ չէր կարողանում հանդիպել պաշտպանյալին՝ քննիչը, անընդհատ խախտելով օրենքը, հետաձգում էր հանդիպումը։