Home / Հայաստան / ՀԷՑ֊ի կորուստները երկրի գործող կարգավորման համակարգի արդյունքն են․ «Ինտեր ՌԱՕ»֊ի ղեկավար

ՀԷՑ֊ի կորուստները երկրի գործող կարգավորման համակարգի արդյունքն են․ «Ինտեր ՌԱՕ»֊ի ղեկավար

Հայաստանի էլեկտրաէներգետիկ ոլորտում տիրող բարդ իրավիճակը բացառապես տնտեսական պատճառներ ունի․ դա ոլորտի կարգավորման համակարգում առկա խնդիրների արդյունքն է։ Այս մասին ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալության հետ զրույցում ասել է «Ինտեր ՌԱՕ» ընկերության վարչության ղեկավար Բորիս Կովալչուկը։

«Հայաստանի էլեկտրաէներգետիկ ոլորտում իրավիճակը բացառապես տնտեսական պատճառներ ունի, այստեղ որևէ քաղաքականություն չկա»,֊ ասել է Կովալչուկը։

Նրա խոսքով՝ «Ինտեր ՌԱՕ»֊ն ողջունում է ՀԷՑ֊ում միջազգային աուդիտ անցկացնելու գաղափարը․ «Համոզված եմ՝ այդ աուդիտի արդյունքում կարվեն եզրակացություններ, որոնք կհաստատեն ոլորտում համակարգային փոփոխությունների նպատակահարմարությունը»։

«Ինտեր ՌԱՕ»֊ի ղեկավարը նաև հայտարարել է, որ ՀԷՑ֊ի կորուստները երկրի գործող կարգավորման համակարգի արդյունքն են։ «ՀԷՑ֊ի բազմամյա կորուստների առաջացումը պայմանավորված է սակագների կարգավորման ներկայիս համակարգով ու հայաստանյան էլեկտրաէներգետիկ շուկայի գործունեության կանոններով»,֊ ասել է նա։

Գործող կարգավորման համակարգը, ըստ Կովալչուկի, ենթադրում է արտադրող ընկերությունների ֆինանսավորում ՀԷՑ֊ի հաշվին, ինչպես նաև ընկերությանը պարտադրում է գնել նախատեսվածից թանկ էլեկտրաէներգիա՝ առանց սպառողների կողմից փոխհատուցման։

«Ինտեր ՌԱՕ»֊ի ղեկավարը հավելել է, որ 11 տարվա ընթացքում սակագների ոչ բավականաչափ բարձրացումը, Մեծամորի ատոմակայանի վերանորոգումը, ինչպես նաև Հայաստանի հիդրոէլեկտրակայանի արտադրության կրճատումը հանգեցրել է նրան, որ ՀԷՑ֊ը կրել է 37 միլիարդ դրամի կորուստ։

«Հենց դա է ստեղծված բարդ ֆինանսական իրավիճակի հիմնական պատճառը»,֊ ասել է Կովալչուկը։

Հիշեցնենք՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, որի բաժնետոմսերի 100%֊ը պատկանում է «Ինտեր ՌԱՕ»-ին, գտնվում է ծանր ֆինանսական վիճակում․ 2015 թվականի մայիսին ընկերությունը հայտ էր ներկայացրել Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին Հայաստանում էլէներգիայի սակագինը 40 տոկոսով բարձրացնելու վերաբերյալ։ Հանձնաժողովը հայտը բավարարել է մասնակիորեն՝ էլէներգիան սպառողների համար թանկացնելով 16 տոկոսով։

Հանձնաժողովի որոշումը հանգեցրել է տարերային բողոքի ցույցերի Երևանում ու Հայաստանի մի շարք այլ քաղաքներում։

Հունիսի 23֊ին վաղ առավոտյան ՀՀ ոստիկանությունն անհամաչափ ուժի կիրառմամբ ցրել է ցուցարարներին Բաղրամյան պողոտայից։ Նույն օրը երեկոյան բողոքողների թիվը մի քանի անգամ աճել է։ Ցուցարարները մերժել են ՀՀ նախագահին հանդիպելու առաջարկներն ու կրկին արգելափակել Բաղրամյան պողոտան, որտեղից հրաժարվում են հեռանալ։