Home / Տեսանյութեր / Բաղրամյանի նստացույցը չի հրաժարվում իշխանությանն ուղղված 3 պահանջներից (թարմացված)

Բաղրամյանի նստացույցը չի հրաժարվում իշխանությանն ուղղված 3 պահանջներից (թարմացված)

21։10 Բաղրամյան պողոտայի սկզբնամասում հավաքված էլէկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող ցուցարարները հայտարարել են, որ ավելի վաղ նստացույցի վայրում հնչեցրած երեք պահանջները՝ չեղյալ համարել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը, դեպի նվազում վերանայել նաև անցյալ տարվա բարձրացումը, պատժել ցուցարարների և լրագրողների դեմ  բռնություն կիրառած ոստիկաններին, ուժի մեջ են մնում։

Բարիկադների մոտ կանգնած մի քանի երիտասարդներ հայտարարել են, որ շարժումը համակարգվելու կարիք ունի և իրենք ընդունվում են գրավոր առաջարկներ՝ քննարկելու համար, թե ինչ անել հետագայում: Այժմ մարդիկ բաժանվել են փոքր խմբերի և քննարկումներ են անում։ Քննարկումների ընթացքում հարթակից մի քանի անգամ նշվել է, որ «որոշումը կայացնում ենք բոլորով»։

18։50 Այսօր ժամը 19։00-ին Բաղրամյան պողոտայի սկզբնամասում էլէներգիայի թանկացման դեմ նստացույց անցկացնողները պատրաստվում են հանրային քննարկում անցկացնել՝ հետագա մարտավարությունը որոշելու նպատակով։

Չնայած երեկ ոստիկանությունը խոստացավ ցրել ցույցը, սակայն չարեց թե երեկոյան, երբ Բաղրամյան պողոտայում մոտ 15 հազար մարդ էր հավաքվել, թե առավոտյան, երբ նստացույցի վայրում մի քանի հարյուր հոգի էր մնացել։

Այժմ մարդկանց թիվն ավելանում է շատ դանդաղ, հավաքվածները մտահոգ են, քնաի որ չունեն բարձրախոսներ. դրանք երեկ իրենց հետ տարել են «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները։ Այնուամենայնիվ, նրանք փոքր խմբերում քննարկում են սկսել, թե ինչպես է կազմակերպվելու հավաքի հետագա ընթացքը, ովքեր են լինելու նոր առաջնորդները։ Նշենք, որ Բաղրամյան պողոտայում դարձյալ ավելացել են ոստիկանական ուժերը։

Ժամը 18։15֊ի սահմաններում ցուցարարներից տարիքով մի մարդ, ով ներկայացել է որպես Վաղինակ պապի, մոտեցել է Բաղրամյան պողոտայում գտնվող ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին ու հայտարարել, որ ինքը ցանկանում է տուն գնալ, բայց ցուցարարները թույլ չեն տալիս։ Վլադիմիր Գասպարյանը հայտարարել է, թե ինքը տեսնում է, որ Վաղինակ պապը սթափվել է ու նրան իր հետ տարել ոստիկանների շարքերը։

Հավաքվածները, սակայն, Վաղինակ պապի խոսքերը ծիծաղելի են համարել՝ նշելով, որ ոչ ոք որևէ մեկին չի կարող արգելել տուն գնալ նստացույցի վայրից։

vladimirgasparyan