Home / Հայաստան / Ինչու է Զանգեզուրի կոմբինատը լրացուցիչ 16 միլիարդ վճարում բյուջե․ «ՀԺ»

Ինչու է Զանգեզուրի կոմբինատը լրացուցիչ 16 միլիարդ վճարում բյուջե․ «ՀԺ»

Այս տարվա պետական բյուջեն թերակատարվում է, և դա արդեն ակնհայտ է բոլորի համար, բայց քանի որ կառավարությունը «վիզ է դրել» տնտեսական աճ ցույց տալու համար, իսկ հարկերի նվազումը բացահայտում է այդ աճերի կեղծ լինելը, կառավարությունը ուրիշ լուծում է գտել, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։

Ըստ թերթի հավաստի տեղեկությունների, հարկերի հավաքագրման բարձր ցուցանիշ ցույց տալու համար կառավարությունը դիմել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին (ԶՊՄԿ)՝ խոշոր գերավճար կատարելու խնդրանքով, և ԶՊՄԿ֊ն չի մերժել այդ խնդրանքը։

Պղնձամոլիբդենային կոմբինատը, թերթի աղբյուրների համաձայն, որոշել է 16 միլիարդ դրամ լրացուցիչ գումար վճարել բյուջե, ինչը, սակայն, նվեր չէ․ ԶՊՄԿ֊ին խոստացել են այդ հարկերը հետագայում հաշվանցել։

«Այսինքն՝ հետագայում ԶՊՄԿ֊ն այդ չափով հարկեր այլևս չի մուծի, ու «քվիտ» կլինեն։ Առաջին անգամը չէ, որ կառավարությունը և ԶՊՄԿ֊ն նման օպերացիա են իրականացնում․ 2013 թվականին, երբ Տիգրան Սարգսյանի կառավարությունն էր «վիզ դրել» տնտեսական աճ ցույց տալու համար, կրկին խնդիր էր ծագել՝ հարկերի հավաքագրման հետ կապված։ Եվ այդ ժամանակ էլ ԶՊՄԿ֊ն որոշակի գումարով «պադդերժկա» արեց կառավարությանը՝ մոտ 10 միլիարդ դրամ հավելյալ գումար վճարելով պետական բյուջե։ Այդ 10 միլիարդ դրամը ԶՊՄԿ֊ն չպետք է վճարեր 2014 թվականի ընթացքում և չէր էլ վճարել։ Հենց դա է պատճառը, որ 2014 թվականին ԶՊՄԿ֊ի վճարած հարկերի ընդհանուր ծավալը կտրուկ նվազել էր՝ 2013 թվականի 37,8 միլիարդից 2014֊ին իջնելով 19,9 միլիարդի», ֊ նշում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում