Home / Հայաստան / Փոխնախարարը չի ասել՝ ով է Ուկրաինայից արտոնյալ պայմաններով կաթի փոշի ներկրում

Փոխնախարարը չի ասել՝ ով է Ուկրաինայից արտոնյալ պայմաններով կաթի փոշի ներկրում

Միայն Լոռու մարզում կաթ վերամշակող 3 ընկերություններ փակվել են, քանի որ ինչ֊որ ներկրող կամ ներկրողներ արտոնյալ պայմաններով Ուկրաինայից էժան կաթի փոշի են Հայաստան բերում և գերիշխող տեղ ստանում շուկայում:

Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարել է ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։

«Կաթի մթերման գինը 170 դրամից դարձել է 110 դրամ և վերամշակող ձեռնարկություններին ձեռնտու չէ, այդ պատճառով էլ փակվում են: Գների անկման պատճառն այն է, որ Ուկրաինայից կաթի փոշի է ներկրվում կիլոգրամը 1.7 դոլար», – ասել է Նաիրա Զոհրաբյանը:

Նա հարցրել է Գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանին՝ թե, ովքեր են այդ արտոնյալները։

Գալստյանը հրաժարվել է անուններ հրապարակել, սակայն վստահեցրել է, որ հունիսի սկզբին ստեղծվելու է Կաթ արտադրողների ասոցիացիա, որն ավելի կազմակերպված ձևով պետք է զբաղվի ոլորտի խնդիրներով:

Փոխնախարարը նշել է, որ կաթի գինն ամեն տարի էլ ամռանն էժանանում է մինչև 30 դրամով, քանի որ կաթի յուղայնությունը պակասում է:

Նա ասել է, որ նախարարը կաթ արտադրողների հետ խորհրդակցություն է անցկացրել և լսել նրանց խնդիրները:

Նիստը վարող ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը դիտողություն է արել Նաիրա Զոհրաբյանին պետբյուջեի կատարողականից դուրս հարց բարձրացնելու համար: