Home / Հայաստան / Հրանտ Դինքի սպանության գործով նախկին բարձրաստիճան ոստիկան է ձերբակալվել

Հրանտ Դինքի սպանության գործով նախկին բարձրաստիճան ոստիկան է ձերբակալվել

Թուրքահայ մտավորական, Ստամբուլում թուրքերեն ու հայերեն լեզուներով լույս տեսնող «Ակօս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործի շրջանակում հինգշաբթի՝ մայիսի 28֊ին, ձերբակալվել է Ստամբուլի ոստիկանության հետախուզության վարչության նախկին պետ Ալի Ֆուաթ Յըլմազարը, հայտնում է թուրքական Today's Zaman կայքը։

Յըլմազարը, ինչպես նաև Թուրքիայի Ազգային ոստիկանության վարչության երկու նախկին պետեր Սաբրի Ուզունն ու Ռամազան Աքյուրեքը նախկինում հարցաքննվել էին որպես կասկածյալներ։ Աքյուրեքը գործի շրջանակում ձերբակալվել էր փետրվարի 26֊ին։ 

Ալի Ֆուաթ Յըլմազարն իր ցուցմունքում ասել է, որ ինքը չի կարող պատասխանատվություն կրել Դինքի սպանության համար, քանի որ այդ ժամանակ նա աշխատում էր Անկարայում, այլ ոչ՝ Ստամբուլում։ Նախկին ոստիկանապետի խոսքով՝ լրագրողի սպանությունը պետք է կանխեր Ստամբուլի ոստիկանությունը, քանի որ ուներ տեղեկություն նախապատրաստվող հանցագործության մասին։

Յըլմազարը մեղադրվում է ծրագրավորված մարդասպանությանն աջակցելու և հանցախումբ կազմելու մեջ։

Հիշեցնենք՝ թուրքահայ լրագրող Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին ազգայնական Օգյուն Սամասթի կողմից։ Վերջինս դատապարտվել է 23 տարվա ազատազրկման: Սամասթին սպանությունը պատվիրած Յասին Հայալը ցմահ ազատազրկման է դատապարտվել, իսկ ազգայնական Էրհան Թունջելը, ում մեղադրում էին սպանությունը պատվիրելու մեջ, արդարացվել է:

2014 թվականի նոյեմբերին Սամասթը նոր ցուցմունք է տվել՝ հայտարարելով, որ սպանության հետևում կանգնած են Տրապիզոնի այն ժամանակվա ոստիկապանապետ Ռամազան Աքյուրեքն ու Ստամբուլի ոստիկանության հետախուզության վարչության այն ժամանակվա պետ Ալի Ֆուաթ Յըլմազերը։