Home / Հայաստան / Կառավարությունը հավանություն է տվել «Հայփոստի» վաճառքի մասին որոշմանը

Կառավարությունը հավանություն է տվել «Հայփոստի» վաճառքի մասին որոշմանը

Կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն է տվել «Հայփոստ» ընկերության մասնավորեցման մասին նախագծին։ Ինչպես նշվում է գործադիրի տարածած հաղորդագրությունում, ակնկալվում է, որ ընկերության մասնավորեցումը կնպաստի մասնավոր ներդրումների ներգրավմանը, ֆինանսական հոսքերի ավելացմանը, ընկերության արդիականացմանը, փոստային կապի զարգացմանը:

2006թ.-ին «Հայփոստը» հավատարմագրային կառավարման է հանձնվել արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ընկերությանը: 2012թ.-ին ՀՀ կառավարության և նշված ընկերության միջև կնքվել է նոր պայմանագիր, որով հավատարմագրային կառավարման ժամկետը երկարացվել է մինչև 2016 թվականի դեկտեմբեր:

«Հայկական ժամանակ» օրաթերթը, իր այսօրվա համարում անդրադառնալով կառավարության նախագծին, գրել է, որ Էռնեկյանի ընկերությունը նորմալ կառավարել է «Հայփոստը», հետևաբար, թերթը բնական է համարում, որ հենց Էռնեկյանը դառնա իր կողմից տարիներ շարունակ կառավարվող «Հայփոստի» սեփականատերը:

«Սակայն «Հայփոստի» մասնավորեցման ընթացքը պետք է տարօրինակ համարել: Տարօրինակությունն այն է, որ կառավարությունը հանկարծ, կեսօրին ծագած ամպրոպի պես, որոշման նախագիծ է հրապարակում, որը մի քանի ժամ անց, առանց լուրջ քննարկումների, ընդունվելու է։ Իսկ մինչ այդ՝ որևէ պաշտոնյա, պետական որևէ կառույց ակնարկ անգամ չեն արել, որ կառավարությունը ուզում է վաճառել «Հայփոստը»»,֊ գրել էր թերթը՝ հիշեցնելով, որ մի քանի օր առաջ՝ մայիսի 20-ին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ընդունել է Էդուարդո Էռնեկյանին։

«ՀԺ»-ն կասկածից վեր է համարում այն, որ «Հայփոստը» վաճառելու մասին հարցը քննարկվել է այդ հանդիպման ժամանակ: Սակայն հանդիպման մասին պատմող պաշտոնական հաղորդագրություններում ակնարկ անգամ չկա «Հայփոստը» վաճառելու՝ կառավարության մտադրության մասին։

Ըստ թերթի՝ ճիշտ այդպես՝ ժամանակին աղմուկ բարձրացավ ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի վաճառքի շուրջ, որը ցանկանում էր գնել Էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերությունը: Կառավարությունը էլի հանկարծակի որոշում կայացրեց այն առանց աճուրդի, առանց մրցույթի՝ ուղղակի վաճառքի ձևով «Տանգոյին» վաճառելու մասին, ինչը, բնականաբար, մեծ աղմուկ բարձրացրեց: Ու մինչ գործադիրը հիմնավորում էր իր որոշման անթերիությունը, անքննարկելիությունը, անսխալականությունը՝ Էդուարդո Էռնեկյանը առաջարկեց չեղյալ համարել որոշումը և շենքը դնել աճուրդի:

«Անսխալական կառավարությունը, գլուխը կախ, աճուրդի դրեց շենքը, ու այլ գնորդ չլինելու պայմաններում՝ «Տանգոն» գնեց այն: Այսինքն՝ կառավարությունը կարող էր դա անել հենց սկզբից, սակայն սովոր լինելով գաղտնի, թաքուն, գողական գործարքների՝ չի կարողանում բաց ու թափանցիկ գործել անգամ նորմալ որոշումներ կայացնելիս»,֊ գրել է թերթը: