Home / Հայաստան / Ստամբուլի հայկական որբանոցը կվերադարձնեն համայնքին

Ստամբուլի հայկական որբանոցը կվերադարձնեն համայնքին

Ստամբուլում գտնվող հայկական «Արմեն ճամբար» որբանոցը շինության ներկայիս սեփականատեր Ֆաթիհ Ուլուսոյի կողմից կհանձնվի Գեդիքփաշա հայկական բողոքական եկեղեցու հիմնադրամին։ Այս մասին մայիսի 24֊ին հայտարարել է ճամբարի համար պայքարող «Նոր Զարթոնք» նախաձեռնության ներկայացուցիչ Ալեքսիս Կալկը։

«Նոր Զարթոնքի» ակտիվստներն ու «Արմեն ճամբար համերաշխության շարժում» նախաձեռնության ներկայացուցիչները 19 օր նստացույց են անցկացրել՝ կանխելու շենքի ապամոնտաժումը՝ պահանջելով որբանոցը վերադարձնել իր օրինական տիրոջը։

«Մենք մեր արշավը շարունակելու ենք այնքան, քանի դեռ սեփականության իրավունքի փոխանցման գործընթացը չի ավարտվել»,֊ ասել է ակտիվիստը։

«Արմեն ճամբար» որբանոցի ապամոնտաժման աշխատանքները մեկնարկել են մայիսի 6֊ին։ Նույն օրը բազմաթիվ մարդիկ, այդ թվում՝ Թուրքիայի հայ համայնքի ակտիվիստներ ու առաջնորդներ, շտապել են դեպքի վայր՝ ստիպելով դադարեցնել ապամոնտաժումը։

Ակտիվիստներն ու որբանոցի հայ նախկին սաները ողջունել են ներկայիս սեփականատիրոջ որոշումը՝ նշելով, որ կցանկանային՝ ճամբարը կրկին ծառայեր որպես որբանոց։

Որբանոցում ութ տարի ապրած 55֊ամյա Կարապետ Օրունյոզն ասել է, որ «Արմեն ճամբարը» այնտեղ մեծացած հայերի համար չափազանց մեծ նշանակություն ունի․ համայնքը մտադիր է վերանորոգել շինությունն ու այն կրկին ծառայեցնել որպես որբանոց շուրջ 150 հայ երեխաների համար։