Home / Հայաստան / Կապուտան գյուղի բնակիչները դեմ են երկաթի հանքի շահագործման ծրագրին

Կապուտան գյուղի բնակիչները դեմ են երկաթի հանքի շահագործման ծրագրին

Կապուտան համայնքի բնակիչները դեմ են «Սփայս Սթայլ» ընկերության կողմից Աբովյանի (Կապուտանի) երկաթի հանքավայրի շահագործման ծրագրին։ Ինչպես հայտնում է Օրհուսի կենտրոնի Հրազդանի համակարգող Անահիտ Մնացականյանը, նրանք այս մասին հայտարարել է են մայիսի 22-ին Կոտայքի մարզպետարանում տեղի ունեցած հանրային լսումների ժամանակ, որին մասնակցել են ընկերության ներկայացուցիչները, Կոտայք և Կապուտան համայնքների բնակիչները, պաշտոնյաներ և բնապահպաններ։ Քննարկումը վարել է Կոտայքի փոխմարզպետ Վալերիկ Բակլաչյանը:

«Սփայս Սթայլ» ընկերության ներկայացուցիչը քննարկմանը ներկայացրել է հանքի շահագործման ծրագիրը, որը կապուտանցիների մոտ զայրույթի ալիք է բարձրացրել. եթե Կապուտանում նախնական հանդիպման ժամանակ իրենց ներկայացվել էր, թե հանքի տարածքը կազմելու է մոտ 50 հա, ընկերությունը հանրային լսումների ժամանակ հայտարարել է 90 հա֊ի մասին:

Օրհուս կենտրոնի համակարգող Ժորա Առաքելյանը, «Առողջ Հրազդան խումբ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Մովսես Մանուկյանը բարձրացրել են «Սփայս Սթայլ» ընկերության ծագման, հումքի մշակման, ձուլարանի ստեղծման հետ կապված բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները, ինչպես նշում է Օրհուսի կենտրոնի կայքը, լիարժեք չեն եղել:

Կապուտանցիները, իրենց հերթին, պնդել են, որ իրենց գյուղում չկա անգամ 1 հա տարածք, որն անմշակ է մնացել և այսօր համայնքում նոր տներ են կառուցվում:

«Կապուտանցին այդ գյուղում դարեր շարունակ ապրում է և դեռ ապրելու է ու ոչ մի գնով, ոչ մի գումարի դիմաց չի հանձնվի և թույլ չի տա վնաս հասցնել գյուղի հողերին, մարդկանց առողջությանն ու ապագա սերունդների բարեկեցությանը: Նրանք փաստում էին նաև, որ ԽՍՀՄ ժամանակաշրջանում անցկացրած հետազոտությունների արդյունքները խոսում են տվյալ տարծքում ուրանի առկայության մասին:

Քննարկման վերջում Մովսես Մանուկյանը առաջարկել է ընկերության ներկայացուցիչներին, հաշվի առնելով գույղացիների դիրքորոշումը, հետ կանգնել նախաձեռնությունից, քանի դեռ բավականաչափ գումարներ չեն ծախսվել ծրագրի իրականացման վրա», ֊ նշում է Օրհուս կենտրոնը: