Home / Հայաստան / Հարկադիր բուժման ենթարկված կնոջ բողոքը բավարարել են․ նրան արտերկրից մասնագետ կքննի

Հարկադիր բուժման ենթարկված կնոջ բողոքը բավարարել են․ նրան արտերկրից մասնագետ կքննի

3 տարի առաջ հոգեբուժական կլինիկայում հարկադիր բուժման ենթարկված Ժուլետա Ամարիկյանը իր փաստաբանի՝ Տիգրան Հայրապետյանի հետ մայիսի 21-ին հրավիրվել է ՀՔԾ հարցաքննության, սակայն տեղում պարզվել է, որ կնոջը ցանակնում են դատաբժշկական փորձաքննության ենթարկել: Epress.am-ի հետ զրույցում Հայրապետյանն ասել է, որ քննիչի որոշմամբ և ոստիկանների ուղեկցությամբ Ամարիկյանին տարել են Նորքի հոգեբուժական կլինիկա՝ փորձաքննության:

Ամարիկյանին հարկադիր բուժզննման են ենթարկել և փորձել արձանագրություն կազմել ընդամենը 10 րոպե նրա հետ զրուցելուց հետո։ Հայրապետյանի խոսքով, դա չի արվել միայն այն պատճառով, որ ինքը ներս է մտել և ասել, որ Ամարիկյանին փորձաքննելն առանց վերջինիս ներկայացուցչի մասնակցության ապօրինի է:

Դրանից հետո Ամարիկյանը փաստաբանի հետ լքել է հոգեբուժական կլինիկան։

Բացի դա, Ամարիկյանի կողմը երեկ պարզել է, որ գործը հսկող դատախազը բավարարել է իրենց միջնորդությունը, որով փորձագիտական կազմին բացարկ էր ներկայացվել: Միջնորդության հիմքն այն էր, որ ՀՔԾ-ում ընթացող քրեական գործի շրջանակներում քննիչը երկրորդ փորձաքննությունն այն նույն փորձագետին է հանձնարարել, ով երեք տարի առաջ եզրակացություն էր տվել, թե Ամարիկյանը հոգեկան խնդիրներ ունի։ Փաստաբանն իր միջնորդության մեջ նշել է, որ այդ փորձագետը չի կարող օբյեկտիվ քննություն անցկացնել:

Տիգրան Հայրապետյանի խոսքով՝ իրենք դատախազի որոշումը դեռ չեն ստացել, և իմացել են դրա մասին միայն փորձագետներից:

«Քննիչը նաև բավարարել է մեր այն միջնորդությունը, որով խնդրել էինք փորձաքննության հրավիրել նաև արտասահմանցի մասնագետի», – ասել է Հայրապետյանը:

Հիշեցնենք, որ Ամարիկյանը պնդում է` հոգեկան առողջության խնդիրներ չունի և հոգեբուժական կլինիկա է տեղափոխվել բնակարանի շուրջ եղբոր հետ ծագած վեճի պատճառով: Նրա նկատմամբ հոգեբուժարանում խոշտանգումներ իրականացնելու առթիվ Տիգրան Հայրապետյանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: 

Ավանի հոգեբուժական կլինիկայի տնօրեն Արեգա Հակոբյանը դատարան է դիմել ՝ բարի համբավը արատավորելու համար Ամարիկյանից փոխհատուցում պահանջելով։