Home / Հայաստան / Կնոջը խոշտանգածի փաստաբանը դատավորներին կոչ է արել առաջնորդվել Աստվածաշնչով

Կնոջը խոշտանգածի փաստաբանը դատավորներին կոչ է արել առաջնորդվել Աստվածաշնչով

Այսօր Վերաքննիչ դատարանը (դատավորներ Ռուզաննա Բարսեղյան, Սերգեյ Չիչոյան, Գագիկ Ավետիսյան) մերժել է կնոջը խոշտանգելու քրեական գործով տուժող Հասմիկ Խաչատրյանի, մեղադրյալ Սարգիս Հակոբյանի (լուսանկարում՝ նստած), և մեղադրող դատախազ Վարդան Լազարյանի ներկայացրած վերաքննիչ բողոքները՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի վճիռը, որով Հակոբյանը մեղավոր էր ճանաչվել, սակայն համաներմամբ ազատ արձակվել։

Թեև Հակոբյանի բողոքը, որով կնոջը խոշտանգած տղամարդը պահանջում էր իրեն անմեղ ճանաչել, ևս մերժվեց, նրա հարազատները դատական նիստից հետո միմյանց համբուրում, գրկախառնվում էին և շնորհավորում։

Հասմիկ Խաչատրյանը պնդում է, որ ամուսինը 9 տարի շարունակ ֆիզիկական և հոգեբանական բռնություն է կիրառել իր նկատմամբ և պահանջում էր առավելագույն պատիժ սահմանել Հակոբյանի համար՝ 7 տարվա ազատազրկում։ Դատարանը մեղմ պատիժ (1.5 տարի ազատազրկում) էր սահմանել այն պատճառաբանությամբ, որ Խաչատրյանի և Հակոբյանի հարաբերությունները պետական մարմնում գրանցված չեն եղել, այսինքն՝ տուժողը խոշտանգողից կախման մեջ չի եղել։

Մեղադրող դատախազը պնդում էր, որ կողմերի ամուսնությունը հաստատված է․ Հասմիկ ապրում էր Հակոբյանի տանը, նրա երկու երեխաների մայրն է, խնամում էր նրա ծնողներին։ Այսօրվա դատական նիստին մեղադրողը որպես ապացույց ներկայացրել է Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցուց պաշտոնական փաստաթուղթ այն մասին, որ կողմերը պսակադրվել են այդ եկեղեցում։ Լազարյանը հիշերցել է ՀՀ օրենսդրությունը, որով սահմանվում է պետության և Հայ առաքելական եկեղեցու «յուրահատուկ հարաբերությունները»։

Աստվածաշնչից հղումներ կատարելով՝ իր բողոքի հիմնավորումներն է ներկայացրել Սարգիս Հակոբյանի պաշտպան Տիգրան Աբրահամյանը (լուսանկարում՝ կանգնած)։ Նա դժգոհել է, որ առաջին ատյանի դատարանը չի հավատացել Հակոբյանի քույրերի և հոր ցուցմունքներին՝ համարելով, որ նրանք պաշտանում են իրենց հարազատին, սակայն նույն տրամաբանությամբ չի առաջնորդվել ու կողմնակալ չի համարել հենց տուժող Հասմիկ Խաչատրյանի ցուցմունքը։

Տիգրան Աբրահամյանը պնդել է, որ Խաչատրյանի օգտին միայն ինքն է ցուցմունք տվել։ «Դա ես չեմ ասում, դա ասվում է Աստվածաշնչում։ Ցիտում եմ․ «Նոր կտակարան, Պողոս Առաքյալի առաջին թուղթը՝ որևէ մեկի վրա գանգատ մի ընդունիր, բացի միայն երկու կամ երեք վկաներով», ֊ ասել է փաստաբանը։

Աբրահամյանը նաև պնդել է, որ Հասմիկ Խաչատրյանն առաջնորդվել է կանանց իրավունքներով զբաղվող ՀԿ֊ների ցուցումներով։ Փաստաբանի կարծիքով՝ ՀԿ֊ներն են Խաչատրյանին սովորեցրել «հոգեկան տառապանք» բառակապակցությունը։

Այսօրվա նիստում Սարգիս Հակոբյանի պաշտպանը նաև պնդել է, թե փորձաքննությունը չի ապացուցել, որ Սարգիս Հակոբյանը ծխախոտը հանգցրել է Հասմիկի ձեռքին․ ըստ պաշտպանի՝ այրվածքը կարող էր, օրինակ, տաք թավայով հասցված լինել։

«3 փորձաքննություններ են եղել, երեքն էլ հաստատել են Հասմիկի և՛ գլխի վնասվածքները, և՛ թմբկաթաղանթի պատռվածքը, և ձեռքի այրվածքը։ Առաջին ատյանի դատարանում Սարգսի քույրերը պնդում էին, թե պզուկոտ է եղել իրենց հարսը, հիմա երբ այրվածքը հաստատվել է, թավայից են խոսում։ Ի վերջո, չի կարելի ապացույցները ծաղրել», ֊ ասել է մեղադրող դատախազ Լազարյանը։