Home / Տեսանյութեր / «Հիմնադիր խորհրդարանի» անդամներից մեկը բանտում հացադուլ է սկսել

«Հիմնադիր խորհրդարանի» անդամներից մեկը բանտում հացադուլ է սկսել

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող, ապրիլի 7-ին ձերբակալված և 2 ամսով կալանավորված «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության անդամ Գևորգ Սաֆարյանը երեկ հացադուլ է հայտարարել՝ իր նկատմամբ կիրառված ապօրինությունների ու քաղաքական հալածանքների կապակցությամբ։ Այս մասին ասված է նախաձեռնության հաղորդագրության մեջ։

Ապրիլի 16-ին Գևորգ Սաֆարյանին է այցելել իրավապաշտպան դիտորդական խումբը, որն արձանագրել է, որ նա տեղափոխվել է հացադուլ հայտարարած կալանավորների համար առանձնացված խուց։

Նախաձեռնության հաղորդագրության մեջ նշվում է, որ դիտորդական խումբը պատրաստակամ է իր ուշադրության կենտրոնում պահել Գևորգ Սաֆարյանի գործը և իրականացնել նրան պահելու պայմանների ու նրա առողջական վիճակի դիտարկում։

Նշենք, որ ապրիլի 7-ին հացադուլ էր հայտարարել նախաձեռնության ձերբակալված անդամներից ազատամարտիկ Պավել Մանուկյանը, ով ապրիլի 14-ին մարտական ընկերների հորդորով դադարեցրել էր այն։

Երեկ տարածած մեկ այլ հաղորդագրության մեջ «Հիմնադիր խորհրդարանն» ընդգծում է, որ «ռեժիմը իրեն ենթակա քրեական և այլ տարրերի միջոցով արդեն մի քանի օր է, ինչ սկսել է ապատեղեկատվության տարածումը քրեակատարողական հիմնարկներում առ այն, որ «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման գործունեության և նրա անդամների կալանավորման պատճառով հետաձգվում է համաներման հայտարարումը»:

Ըստ նախաձեռնության՝ այդ քայլով ռեժիմը փորձում է դատապարտյալների շրջանում բացասական վերաբերմունք ձևավորել «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման գործունեության և նրա անդամների նկատմամբ՝ դրանով իսկ հող նախապատրաստելով «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման կալանավորված անդամների նկատմամբ հնարավոր հոգեբանական և նույնիսկ ֆիզիկական ճնշումներ գործադրելու համար:

Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին ձերբակալվել էին նախաձեռնության 6 անդամներ։ Նրանցից 5-ին՝ Ժիրայր Սեֆիլյանին, Վարուժան Ավետիսյանին, Պավել Մանուկյանին, Գարեգին Չուգասզյանին, Գևորգ Սարֆարյանին կալանավորել են զանգվածային անկարգությունների նախապատրաստման մեղադրանքով, իսկ Արամ Հակոբյանին մեղադրել են ապօրինի զենք֊զինամթերք պահելու մեջ ու ազատ արձակել գրավի դիմաց։