Home / Հայաստան / Նախարարը պատասխանատվություն է կրում 6 ամսական երեխայի մահվան համար․ «Ժողովուրդ»

Նախարարը պատասխանատվություն է կրում 6 ամսական երեխայի մահվան համար․ «Ժողովուրդ»

Գյումրիի «Մոր և մանկան» հիվանդանոցում 11 ամսվա ընթացքում մահվան մի քանի դեպք է արձանագրվել։ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ վերջին դեպքը գրանցվել է այս տարվա մարտի 14-ին՝ 6 ամսական Նարե Դավթյանն առավոտյան տեղափոխել էր նշված հիվանդանոց, որտեղ էլ մի քանի ժամ անց մահացել էր։ Երեխայի հարազատները մահվան մեջ մեղադրում են բժիշկներին։

«Ժողովուրդ»֊ը հիշեցնում է, որ Գյումրիի հիվանդանոցում 2014 թվականի մայիսի 29-ին ծննդաբերության ընթացքում մահացել էր 39-ամյա Կարինե Պապանյանը, ևս երկու ամիս անց՝ 4-ամյա Սուրեն Պողիկյանը։

«ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը դեռևս անցած տարի խոստացել էր մանրամասն ուսումնասիրել ծննդկան մոր և 4-ամյա երեխայի մահվան հանգամանքները և հետամուտ լինել, որպեսզի մեղավորները պատասխանատվության ենթարկվեն։ Պատասխանատվության մասին մինչ օրս որևէ բան հայտնի չէ, ինչը նշանակում է, որ նախարարն իր խոսքի տերը չեղավ և հենց նա է անմիջական պատասխանատվություն կրում 6 ամսական Նարե Դավթյանի մահվան համար», ֊ գրում է թերթը։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում