Home / Տեսանյութեր / «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին արգելել են մամուլ կարդալ և զանգել հարազատներին

«Հիմնադիր խորհրդարանի» անդամներին արգելել են մամուլ կարդալ և զանգել հարազատներին

Երեկ ձերբակալված «Հիմնադիր խորհրդարանի» անդամներ Ժիրայր Սեֆիլյանը, Արամ Հակոբյանը, Պավել Մանուկյանը, Գարեգին Չուգասզյանը, Գևորգ Սաֆարյանը, Վարուժան Ավետիսյանը իրավունք չունեն օգտվել ռադիոընդունիչից և տպագիր մամուլից։ Այս մասին ասված է Ձերբակալվածների պահման վայրում (ՁՊՎ) վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի տարածած հայտարարության մեջ։ Դիտորդական խմբի անդամները ձերբակալվածներին հանդիպել են այսսօր առավոտյան՝ 09։30-ի սահմաններում։

«Դիտորդական խմբի անդամների համար անհասկանալի հիմքով նաև վարույթն իրականացնող մարմնի կողմից արգելանք է դրվել «կապն արտաքին աշխարհի հետ» իրավունքից օգտվելու վրա», ֊ նշված է Դիտորդական խմբի հաղորդագրության մեջ:

Ոստիկանությունը, մասնավորապես, արգելանք է դրել ձերբակալվածների հարազատների հետ տեսակցության և հեռախոսազանգերի վրա:

6 ձերբակալվածները Դիտորդական խմբի անդամներին ՁՊՎ֊ում պայմաններից և ընդհանուր վերաբերմունքից դժգոհություններ չեն հայտնել։ Միևնույն ժամանակ հաղորդագրության մեջ նշվում է, որ Պավել Մանուկյանը հացադուլ է հայտարարել՝ պատճառաբանելով, որ իրեն ապօրինի են ձերբակալել:

Նշենք, որ Քննչական կոմիտեի համաձայն, ձերբակալվածներին կասկածում են քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածով (զանգվածային անկարգություններ նախապատրաստելը) նախատեսված հանցագործություն կատարելու մեջ:

Համաձայն ՀՀ քննչական կոմիտեի, խուզարկությունները կապված են այն փաստի հետ, որ իրավապահ մարմինները տեղեկություններ են ձեռք բերել, թե «մի խումբ անձինք, հաշվի առնելով Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ 2015թ. ապրիլի 24-ին Հայաստանի Հանրապետության տարածքում նախատեսված համազգային հրապարակային միջոցառումների ընթացքում մարդկանց մեծ կուտակումներ առաջանալու իրական հնարավորությունը, կոչեր են հնչեցնում այդ օրը չկատարել իշխանության ներկայացուցիչների պահանջները. անհրաժեշտության դեպքում նրանց նկատմամբ կիրառել բռնություն, դիմել ուժային պայքարի»։

«Հիմնադիր խորհրդարանն» իր առջև իշխանափոխության խնդիր է դրել։ Միևնույն ժամանակ, նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանն ավելի վաղ նշել էր, որ ապրիլի 24-ին իրենք չեն պատրաստվում խժդժություններ կազմակերպել։