Home / Տեսանյութեր / Ինչ կտա Հայաստանին Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունը

Ինչ կտա Հայաստանին Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունը

Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության ձեռքբերումը Հայաստանի համար կարող է դռներ բացել՝ լուծելու բազում արտաքին քաղաքական խնդիրները, որոնք մեծ դեր ունեն Հայաստանի ներկայիս ճահճացման մեջ: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանը՝ անդրադառնալով անցյալ շաբաթ գերտերությունների՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Չինաստան, և Իրանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին։ Իրանը, մասնավորապես, պարտավորվել է կրճատել ուրանի հարստացման ծրագրի ծավալները: Համաձայնագրի կետերը կատարելու դեպքում Իրանից կհանվեն միջազգային պատժամիջոցները։ 

Ըստ Սարոյանի՝ եթե Հայաստանը ներգրավվի Արևմուտք և Իրան բանակցությունների կոնֆիգուրացիաների մեջ, երկիրը միայնակ չի լինի իր արտաքին քաղաքականության խնդիրները լուծելու հարցում, այլ նրան կօգնեն արևմտյան գերտերությունները: Հայաստանին այդ գործընթացներում ներգրավվելու համար Արևմուտքը պետք է օգնի երկրին վերականգնել իր սուբյեկտայնությունը՝ ազատվելով Ռուսաստանի մեծ ազդեցությունից: 

«Երկրորդ տարբերակն այն է, որ Արևմուտքը Հայաստանին վերաբերվող հարցերի շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերի անմիջականորեն Ռուսաստանի հետ՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանին Հայաստանը զիջել է իր տրանսպորտային և տնտեսական անվտանգությունը: Թե այս երկու տարբերակներից որն է առավել հնարավոր, առավել  նախընտրելի  կողմերից յուրաքանչյուրի համար՝ երրորդ հարցն է, որին առայժմ անդրադառնալը ժամանակավրեպ է: Հույս ունենանք, որ Հայաստանին կներգրավվեն այդ գործընթացներում և մեզ կօգնեն Ռուսաստանի ազդեցությունից դուրս գալու հարցում»,- ասել է Սարոյանը: 

Եթե Իրանին հնարավորություն տրվի գազամատակարարում սկսել դեպի եվրոպական երկրներ, ի՞նչ օգուտներ կարող է քաղել Հայաստանը որպես հնարավոր տարանցիկ երկիր։ Այս հարցը, ըստ Սարոյանի, ևս գտնվում է աշխարհքաղաքական շահերի տիրույթում: 

«Հանրությունը սխալ է ընկալում՝ համարելով դա Հայաստանի և Իրանի  միջև երկկողմ բանակցությունների հարց, մինչդեռ գազատարի ուղին որոշելը աշխարհքաղաքական շահերի կոնտեքստում է գտնվում և Արևմուտք֊Իրան բանակցությունների մասշտաբով պետք է լուծվի»,- ասել է քաղաքական վերլուծաբանը: